Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայր մեր, որ երկնքում ես»

Դեկտեմբեր 01,2011 13:21

Կենտրոնի հոգեւորական տեր Գրիգորը երեխաներին սովորեցնում է հացից առաջ աղոթել:

Աննային ՄԻԱՎ ախտորոշել են 7 տարի առաջ:

Աղոթում են ՄԻԱՎ-ով ապրող երեխաները 

«Երբ իմացա, որ վարակակիր եմ, կյանքը ինձ համար էդ պահին վերջացավ: Հույսս միակ երեխաս էր, աղջիկս այդ ժամանակ 6 տարեկան էր, ես մեջս ուժ գտա ու որոշեցի ապրել ոչ թե իմ, այլ միայն իր համար, որովհետեւ ես ամեն րոպե սպասում էի մահվան, սպասում էի, որ մահը ուր որ է՝ կգա: Ես վախենում էի անգամ պատուհանից դուրս նայել, որովհետեւ ինձ թվում էր՝ բոլորը գիտեն իմ հիվանդության մասին»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Աննան, որն արդեն 7 տարի է՝ ապրում է ՄԻԱՎ-ով: Չնայած ախտորոշումից հետո ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում Աննային բացատրել են, որ կա հակառետրովիրուսային բուժում, որը երկարացնում է կյանքը եւ հնարավոր է դեռ շարունակել որակյալ կյանքը, բայց նրա խոսքերով՝ «միեւնույն է, այդ պահին ոչինչ չես ընկալում, ականջներդ չեն լսում»: Ավելի ուշ, երբ երեխան դարձել է 10 տարեկան, Աննան որոշել է աղջկա հետ կիսվել ու ասել, որ ՄԻԱՎ-ով վարակված է. «Ես բացատրեցի, որ մեղավոր չեմ, որ վարակվել եմ իր պապայից, ահավոր զարմացել էի, երբ միանգամից ինձ հասկացավ, ասեց՝ մամ ջան, դրանով կյանքը չի վերջանում, դու ինձ պետք ես, պիտի դեղ խմես, որ ապրես: Նա ստիպեց ինձ բուժում սկսել, ես չէի ուզում: Հիմա իմ միակ երազանքն այն է, որ աղջկաս հասցնեմ գոնե մի քիչ մեծացնել, որ դառնա ինքնուրույն, հետո ինչ լինում է՝ թող լինի»: Աննայի ամուսինը ՌԴ-ում թմրանյութեր է օգտագործել, մահացել է ՁԻԱՀ-ից. «Ես միշտ Ռուսաստանում հեռուսատեսությամբ լսում էի՝ ՍՊԻԴ, ՎԻՉ, բայց կյանքում չէի պատկերացնի, որ դա ինձ էլ կկպչի»:

Աննայի հետ մենք զրուցեցինք Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ցերեկային կենտրոնում: Այնտեղ հիվանդներին քարոզում են Աստվածաշունչ, հոգեւոր դասընթացներ են անում, սոցիալական, հոգեբանական աջակցություն են տրամադրում:

Ցերեկային կենտրոնը շաբաթ օրերին երեխաների համար ծառայում է որպես մանկապարտեզ: Բանն այն է, որ երեխային մանկապարտեզ ընդունելիս պահանջվում է ներկայացնել, թե նա ինչ վարակիչ հիվանդություններ ունի: Ծնողն ընկնում է երկընտրանքի մեջ՝ չասել չի կարող, իսկ երբ ասում է՝ կա՛մ երեխային չեն ընդունում, կա՛մ նրան մեկուսացնում են մյուսներից: Կենտրոնի կոորդինատոր Ռուզաննա Շմավոնյանը պատմեց, որ մարզերից մեկում նման դեպք եղել է. «Ստիպված եղանք սոցաշխատողին ուղարկել, որ բացատրի՝ երեխան իրենից վարակ կամ վտանգ չի ներկայացնում: Եթե նման բան էլի լինի՝ մենք հարցը բարձրացնելու ենք մինչեւ նախարարություն, որովհետեւ երեխաների հետ նման կերպ չի կարելի վարվել: ՄԻԱՎ-ով ապրող շատ երեխաներ մեծ բարձունքների են հասնում, Աստված մեծ է, նրանց միշտ օգնում է, եւ նրանց թույլ չտալ սովորել, դպրոց կամ մանկապարտեզ գնալ, ինչ է թե՝ հիվանդ են, անթույլատրելի է»: Այն երեխաները, որոնք մանկապարտեզ չեն գնում, կենտրոնն իրենց համար միակ ուրախության աղբյուրն է, այնտեղ խաղում են, ուտում, քնում, մինչեւ ծնողները աշխատանքից գան ու տանեն: ՄԻԱՎ-ով ապրող դեռահասներ կան, որոնք գիտեն իրենց հիվանդության մասին, նրանց հետ հոգեբանն է աշխատում. «Նրանք գիտեն, որ իրենք տարբերվում են: Այդ դեռահասների հետ անհատապես զբաղվում են, որ չկոտրվեն»:

Կենտրոնում օգնում են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աշխատանքի տեղավորվել: Մեր հարցին՝ ասո՞ւմ եք գործատուին, որ վարակակիր են, Ռ. Շմավոնյանն ասաց՝ ոչ. «Կան շատ հիվանդություններ, որոնց դեպքում կարգ է տրվում, իրենց դեպքում կարգ էլ չի տրվում, նրանք հասարակության համար վտանգ չեն ներկայացնում»: Կենտրոնի ղեկավար տեր Գրիգորի դիտարկմամբ՝ «Հայոց եկեղեցու դիրքորոշման համաձայն՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը մեղավոր հոգիների աստվածային պատիժ չէ եւ ոչ առավել՝ դատավճիռ: Մեղքը եւս տրվում է մարդուն ոչ թե կործանվելու, այլ հավիտենական արժեքների մասին մտածելու համար: Հիվանդությունն ապաշխարության եւ զղջման առիթ է եւ ոչ թե դատապարտության սեւ խարան: ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց մենք քարոզում ենք աստվածային պատվիրանների պահպանություն, հրաժարում մեղքից եւ ապաշխարություն»: ՄԻԱՎ ախտորոշմամբ մարդիկ հաճախ ուզում են ինքնասպան լինել: Նրանց այդ հոգեվիճակից դուրս գալու համար տեր Գրիգորը հիշեցնում է՝ «Անկախ նրանից՝ ՄԻԱՎ դրական է մարդը, թե ոչ, նրա կյանքը նույնքան արժեքավոր է Աստծո համար, որքան ցանկացած այլ մարդու կյանք»։

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031