Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռացին, հայհոյեցին, քվեարկեցին

Դեկտեմբեր 01,2011 13:13

Ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը

Ազգային ժողովի համար երեկ «չարչարանաց չորեքշաբթի» էր: ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սկսված արտահերթ նիստը անցավ բավականին դժվարանցանելի պայմաններում:

Եթե պատգամավորների ներկայության հարցը ի վերջո լուծվեց եւ նիստի սկզբից մեկ ժամ անց արդեն խորհրդարանում էին ութ տասնյակի չափ պատգամավորներ, ապա ակտիվության հարցը համառորեն չէր լուծվում, ավելի ճիշտ՝ ակտիվություն էին ցուցաբերում անձինք, որոնք ավելի լավ կլիներ՝ իրենց հանդարտ պահեին:

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը բավականին դժվարությամբ կարողացավ պատգամավորներին կարգի հրավիրել, բայց՝ կարողացավ: Թեպետ այդ ճանապարհին զերծ չմնաց որոշ արտահայտություններից եւ հումորից, մասնավորապես, ընդդիմադիր պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին հորդորեց «ականջները լվանալ», եթե լավ չի լսում, մի քանի անգամ բողոքեց, թե իր «կոճակը եւս չի աշխատում», եւ ապա, երբ պարզվեց, որ բարձրախոսը եւս լավ չի աշխատում, դահլիճի առաջին շարքերում նստած պատգամավորները խորհուրդ տվեցին տեղափոխվել կողքի՝ Ազգային ժողովի նախագահի աթոռին: Իհարկե, ի պատիվ իրեն՝ պարոն Նիկոյանը սադրանքների չենթարկվեց եւ առայժմ մնաց իր տեղում նստած:

Երեկ խորհրդարանը շարունակեց քննարկել «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նրանց, «ովքեր սովորել են դպրոցում», հիշեցրեց Նյուտոնի օրենքը. «Ազդեցությունը հավասար է հակազդեցության, եւ եթե իշխանությունը կարծում է՝ այն մամլիչը, որի տակ ապրում է ժողովուրդը, մի օր չի հակադարձելու իրեն եւ շուռ տալու ամեն ինչ ոտքից գլուխ, եւ մենք հայտնվելու ենք ճիշտ հակառակ բանակներում՝ փոքրամասնություն եւ մեծամասնություն, ապա ես իմ ամանորյա մաղթանքն եմ ուղղում քաղաքական իշխող կուսակցություններին եւ կոալիցիային, որ դուք ի վերջո հայտնվեք այդ իրավիճակում, եւ տեսնենք, թե տարեկան 12 հազար դոլարով ինչպե՞ս եք ձեր գործունեությունը կազմակերպում»:

«Ժառանգության» պատգամավորները դժգոհեցին նաեւ, թե ինչու «Կուսակցությունների մասին» օրինագիծը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողովին եւ չկա նրանց եզրակացությունը: Ի պատասխան՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց. «Չի ուղարկվել շատ պարզ պատճառով, որովհետեւ այն դրույթները, որոնք այստեղ ամրագրված են, գրեթե բառացիորեն կրկնում են նույն դրույթները, որ կան «Քրեական օրենսգրքում», որը ժամանակին ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով եւ այդ մասով արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրվատանքին: Հիմա ի՞նչ եք ասում, ասենք՝ գիտեք, մեկ անգամ ասել եք, բայց մեր ընդդիմությունը չի հավատում ձեր ասածին, եկեք երկրորդ անգամ նույն բանն ասե՞ք»:

Արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ օրինագծում կուսակցություններին առաջարկվում է բացահայտել եւ չթաքցնել իրենց ֆինանսական աղբյուրները. «Առաջարկվում է, որ կուսակցությունների գործունեությունը եւ հատկապես ֆինանսական գործունեությունը լինի ավելի հրապարակային: Առաջարկվում է հետեւյալը՝ հարգելի քաղաքական կուսակցություններ, դուք հրապարակային քաղաքական գործունեությամբ եք զբաղվում, եւ հանրությունը պետք է իրազեկվի՝ որտեղից են ձեր ֆինանսական աղբյուրները, ովքեր են ֆինանսավորողները եւ այլն»:

Արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ քաղաքական համակարգի կայացման համար խիստ անբարենպաստ է, որ 76 գործող կուսակցությունների մի մասը բաղկացած է միայն կուսակցության նախագահից եւ իր ընտանիքի անդամներից, իսկ «Կուսակցությունների մասին» օրինագիծը կկարգավորի այս վիճակը. «Երբ կուսակցությունը չորս տարի շարունակ հայտարարում է, որ՝ գիտեք ինչ, իմ կուսակցության ելքերն ու մուտքերը զրո են, սա արդեն նորմալ չէ»:

ԱԺ երեկվա նիստը ընթանում էր բացառապես «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ակտիվության շնորհիվ, սակայն, մյուս կողմից էլ, քանի որ մեծամասնության որոշ ներկայացուցիչներ խորհրդարան էին եկել բացառապես կոճակները սեղմելու եւ հեռանալու մտադրությամբ, սարսափելի նյարդայնանում էին «Ժառանգության» ակտիվությունից, քանի որ ընդդիմադիր պատգամավորների այդ ակտիվությունն էր «մեղավոր», որ քվեարկությունները հետաձգվում էին, նախատեսվածից ավելի էր ձգվում ԱԺ նիստը: Հավանաբար սա էր պատճառը, որ Առաքել Մովսիսյանի նյարդերը տեղի տվեցին եւ Արմեն Մարտիրոսյանի հերթական խոսքից առաջ սկսեց գոռգոռալ, բղավել ջղային դեմքով: Մենք այդ գոռգոռոցի մեջ հստակ չլսեցինք, թե ինչ բառեր էր գործածում պատգամավորը, սակայն որոշ լրատվամիջոցներ հայտնեցին, թե ասել է կամ «անասուն», կամ «հայվան» բառերը: Գոռգոռոցի ձեւով հնչեցրած նախադասությունը հնչել է այսպես. «Չեմ եկել քո նման հայվանին լսեմ»: Սրան ի պատասխան՝ Արմեն Մարտիրոսյանը եւս գոռաց, թե «Հայվանն էլ ես, հանգիստ խոսա, էդ ինչ ձեւ ես խոսում»:

Այսպես՝ «ազատ խոսքի» եւ «ժողովրդավարության կանոններին» համարժեք ընթացան ԱԺ արտահերթ նիստի վերջին օրվա աշխատանքները:

Մերոնք դեռ իրար չծեծեցին, այնպես, ինչպես այդ բանն անում են Իտալիայում կամ այլ երկրում: Բայց կարծես թե դրան էլ կհասնենք:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031