Լրահոս
Օրվա լրահոսը

Գործակալնե՛ր, ինքնաբացահայտվեք

Դեկտեմբեր 01,2011 13:10

Մոտավորապես այս էր Աշոտ Մանուչարյանի առաջարկը՝ ի պատասխան  «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությանը

Նոյեմբերի առաջին կեսին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ՝ ԱԺ-ում շրջանառության մեջ դնելով «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» օրինագիծը: Հակիրճ հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է իրավական սահմանում տալ գաղտնազերծմանը՝ ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը, ու գաղտնազերծել մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց եւ նրանց նախ՝ պաշտոնանկ անել, ապա՝ կանխել նրանց բարձր պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունը: Օրինագիծը բավականին վիճահարույց թեմա դարձավ:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ընդդիմադիր գործիչ Աշոտ Մանուչարյանն այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե հիմա մեր երկրում հազարումի եւ ավելի կարեւոր խնդիրներ կան, քան «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» օրենքի ընդունումն է. «Դա պատկանում է արհեստական, ուռճացված հարցերի շրջանակին: Ներկայիս Հայաստանի համար, որտեղ հազարավոր պրոբլեմներ կան, դա լրիվ արհեստականորեն ներմուծված հարց է: Միգուցե ինչ-որ պահի դա կարեւոր եղել է: Դրա հստակ լուծումներն այն ժամանակ, երբ դա ակտուալ էր, երբ նոր ԽՍՀՄ-ից անցում էր կատարվում դեպի Հայաստանի անկախ հանրապետություն, առաջարկվել են, եղել են շատ սթափ մոտեցումներ՝ առանց ջախջախիչ հարված հասցնելու համակարգերի աշխատանքին: Այսօր այդ հարցը շրջանառելը թե՛ անհարկի շահարկում է, թե՛ անհարկի քննարկում:

Այսօր, երբ 20 տարի անցել է, ուղղակի պետք է դիմել բոլոր երկրների, բոլոր հատուկ ծառայությունների աշխատակիցներին՝ խնդրելով, որ իրենք դիմում գրեն եւ դուրս գան այս-այս զբաղեցրած պաշտոններից»:

Ըստ Մանուչարյանի՝ եթե հարցը դիտարկվում է դրա ակտուալության տեսանկյունից եւ օրինագծի նպատակն էլ Հայաստանը արտաքին ազդեցությունից զերծ պահելն է, ապա այսօր՝ ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց, լրիվ արհեստական է այդ հարցը կապել կոնկրետ մեկ երկրի, այն էլ՝ Խորհրդային Միության ԿԳԲ-ի հետ: «Այսօր պետք է դիմել բոլոր մարդկանց, ովքեր աշխատում են «Մոսսադի» համար, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության եւ մյուս բոլոր կառույցների համար՝ խնդրելով մեկական դիմում գրել, որքան հասկացա՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովին, խնդրելով իրենց ազատել նախարարի, նախագահի, կուսակցության ղեկավարի կամ այլ պաշտոնից, որովհետեւ իրենք գործակալ են աշխատում»:

Մեր դիտարկմանը, թե՝ քաղաքական գործիչը գուցե չափազանց լավ կարծիք ունի հայաստանյան պաշտոնյաների, առավել եւս՝ պետական պաշտոն զբաղեցնող որեւէ գործակալի մասին, Մանուչարյանը հակադարձեց. «Ես նկարագրեցի այն, ինչ հիմա խելքին մոտ կլիներ, եթե միայն մարդիկ պատկերացում ունեն, թե ինչի մասին են խոսում»:

Վերջերս այս օրինագծի մասին խոսելիս ընդդիմադիր մեկ այլ գործիչ՝ ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը, որը երբեւէ եղել է նաեւ ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ, կարծիք հայտնեց, թե այդ օրինագծի ընդունումը հավասար է դավաճանության: Աշոտ Մանուչարյանը, սակայն, այդքան խիստ չէր. «Դավաճանությունը շատ լուրջ բովանդակություն ունեցող բառ է: Սա հիմա անհեթեթություն է»:

Ա. Մանուչարյանի հետ զրույցի պատեհ առիթից օգտվելով՝ փորձեցինք ճշտել նաեւ նրա  կարծիքը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին աղմկահարույց հայտարարության վերաբերյալ: «Այսօր այդ հայտարարության հետ կապված վերլուծությունների եւ մոտեցումների մեջ մոլորություն կա: Իմ կարծիքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը լրիվ ուրիշ ուղերձ է հղել, եւ դա ներքին ուղերձ չէր, դա արտաքին ուղերձ էր՝ ուղղված Հայաստանի տարածքում հիմնական խաղացողներին:  Թե ինչո՞ւ էր նա այդ ուղերձի համար գեղարվեստական ֆոն ընտրել տվյալ նյութը՝ որպես ԲՀԿ-ին դիմում, դա արդեն  Տեր-Պետրոսյանից է պետք իմանալ. դա նրա գեղարվեստական ճաշակին է վերաբերում»,- ասաց Մանուչարյանը:

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի, ինչպես ՀԱԿ-ում են պնդում, ընդամենը վերլուծության քաղաքական ենթատեքստին, ապա Աշոտ Մանուչարյանը կրկնեց՝ դա ուղերձ էր՝ ուղղված մեր երկրում հիմնական արտաքին խաղացողներին:

Ուղերձ էր առ ի՞նչ, ի՞նչ ակնարկներ էր պարունակում այդ ուղերձը: Մեր այս ճշգրտող հարցին Մանուչարյանն այսպես արձագանքեց. «Ես մեկ բան կարող եմ ասել. ուղերձն այդ իմաստով արդյունավետ էր»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031