ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում անցկացվեց «Ուսանողական ոսկե ծիրան» ծրագրի բացման արարողությունը: Փառատոնի շրջանակներում ԵՊՀ կինոակումբը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը համատեղ իրականացնում են փառատոնի լավագույն ֆիլմերի ցուցադրություն ուսանողների համար: Ծրագիրը կազմակերպվում է առաջին անգամ, իրականացվում է հայաստանյան մի քանի բուհերում ևս: Բացմանը ներկա էին շատ քիչ ուսանողներ, որը չզարմացրեց նույնիսկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանին. «Նույնիսկ չեմ զարմանում, որ քիչ ուսանողներ են ներկա գտնվում: Ոմանք ունեն որոշակի ձևավորված ճաշակ սերիալների նկատմամբ: Եթե անգամ հինգ կամ տասը հոգի ներկա գտնվեր, նույիսկ այդ մարդկանց համար անհրաժեշտ էր իրագործել այս ծրագիրը»,- ասում է նա: Համոզված է, որ հաջորդ հանդիպմանը կլինեն շատ ուսանողներ, ովքեր տեղեկանալով իրենց ընկերներից` ներկա կգտնվեն և կունկնդրեն հանրահայտ ռեժիսորների աշխատանքները:
ԵՊՀ-ի ուսանողուհի Աննա Գևորգյանը մեծ ոգևորվածությամբ հետևում էր փառատոնի ընթացքին. «Մեկ ժամ առաջ եմ իմացել, որ նման միջոցառում կա. շատ ուրախ եմ: Կարծում եմ` ուսանողների քիչ լինելը կապված է անտեղյակության հետ, քանի որ, նման ֆիլմերից ստանում ես գեղագիտական հաճույք»:
Կինոգետ Դավիթ Վարդանյանը կարևոր և միեւնույն ժամանակ անհրաժեշտ է համարում այս ծրագրի իրականացումը. «Այս ֆիլմերում, թե’ դերասանական կազմը, թե’ ռեժիսորական աշխատանքը գտնվում է այլ հարթության վրա: Սա հնարավորություն է տալիս ուսանողներին ծանոթանալու այդ աշխատանքներին և ձևավորելու որոշակի ճաշակ»,- ասում է նա:
Քրիստինա Միրզոյան