Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջ՝ դեպի կապիկացում

Դեկտեմբեր 01,2011 13:05

Մի քանի տարի առաջ, երբ ես մասնավոր զրույցում ասացի, որ Շմայսի նման մարդիկ չպիտի Ազգային ժողովի պատգամավոր դառնան, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ինձ պատասխանեց. «Այո, նա չի կարող լիարժեք պատգամավոր լինել, բայց նա ավելի լավն է, քան որոշ՝ համեմատաբար կիրթ դեմագոգներ, որոնք այս երկրի համար մատը մատին չեն խփել, իսկ Շմայսը մեր հողի համար արյուն է թափել»: Դրա համար փառք ու պատիվ Առաքել Մովսիսյանին: Բայց խորհրդարանը նաեւ ներկայացուցչական մարմին է: Բացի օրենսդրական աշխատանքից, որով պարոն Մովսիսյանն իր գրագիտության մակարդակի պատճառով չի կարող զբաղվել, նա նաեւ ներկայացնում է ժողովրդի ընտրյալներին եւ Հանրապետական կուսակցությունը՝ ՀՀ մնացած քաղաքացիների առջեւ եւ ընդհանրապես հայ ազգը՝ աշխարհի առջեւ: Երբ Շմայսն իր պատգամավոր գործընկերոջ հասցեին օգտագործում  է «հայվան» բառը, ապա թե Հայաստանի բնակիչները եւ թե աշխարհում Հայաստանով հետաքրքրված մարդիկ բոլոր հիմքերն ունեն՝ ենթադրելու, որ մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը բաղկացած է հենց կենդանիների ա՛յս տեսակից: Մինչեւ պատգամավոր դառնալը ինչ-որ մեկը Շմայսին պետք է բացատրեր, որ եթե խորհրդարանում, նիստի ժամանակ մեկը խոսում է, ապա մնացածը պետք է լռեն: Քանի որ Առաքելին դա ոչ ոք չի բացատրել, նա խիստ զարմանում է՝ բացականչելով. «սաղը պըտի ձենները կտրե՞ն, որ էս հեյվանը խոսա»: Կարո՞ղ է արդյոք այսքանից հետո Հայաստանի որեւէ քաղաքացու մոտ հարգանք առաջանալ խորհրդարանի հանդեպ: Հնարավո՞ր է արդյոք, որ իրեն հարգող որեւէ մտածող մարդ ցանկանա ԱԺ պատգամավոր դառնալ եւ նստել շմայսների կողքին:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ նույն Առաքել Մովսիսյանը ճիշտ նույն խուլիգանական դրսեւորումներն էր ունեցել ԱԺ նիստի ընթացքում, եւ այն ժամանակվա խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը, ի պատիվ իրեն, դուրս արեց Շմայսին նիստերի դահլիճից: Երեկ Սամվել Նիկոյանը, որն առայժմ չի ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնը, իր մեջ վճռականություն չգտավ նույնն անելու: Եվ ընդհանրապես, քաղաքակիրթ երկրների խորհրդարաններում գոյություն ունի էթիկայի հանձնաժողով, որը նման դեպքերում զրկում է պատգամավորներին ձայնից կամ էլ թույլ չի տալիս նրանց մասնակցելու նիստերին: Հայաստանում նման հանձնաժողով գոյություն չունի հավանաբար այն պատճառով, որ պատգամավորների մեծ մասի ուզածը հենց դա է. նրանք միեւնույն է՝ չեն կարող ելույթ ունենալ, որովհետեւ ի վիճակի չեն որեւէ կապակցված միտք արտահայտելու (բացի վերը շարադրված օրինակից), իսկ ինչ մնում է մասնակցությանը, ապա առանց այդ էլ նրանց դժվարությամբ են «բերման ենթարկում» տարբեր տեսակի սննդի օբյեկտներից:

Հայոց պառլամենտարիզմի զարգացումը կարելի է ներկայացնել Դարվինի տեսությունը պատկերազարդող հայտնի նկարով. կապիկից՝ նախամարդու տեսակներ, որոնց զարգացումը ի վերջո հանգեցնում է ժամանակակից homo sapiens-ին: Միայն թե Հայաստանի խորհրդարանի պատմությունը զարգանում է ճիշտ հակառակ ուղղությամբ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031