26-ամյա Մարիամն երբեք լավ ընկերների պակաս չի ունեցել: Չնայած ավելի երիտասարդ տարիքում մարդկանց հարցում շատ է սխալվել, բայց տարիների հետ կյանքը սովորեցրել է` ապրել առանց վարդագույն ակնոցի: Ինքն է այդպես ասում: Պատմում է` կյանքի դժվարին ճանապարհին, երբ Մարիամը հոգեպես ճնշված էր, օգնության հասավ իր ընկերուհին` Էլիզան: «Երբ դպրոցն ավարտեցի, շատ էի ցանկանում ուսումս Ամերիկայում շարունակել: Այդ ժամանակ մրցույթներ կային, և հաղթողը կմեկներ Ամերիկա` ուսումը շարունակելու: Մասնակցեցի, ավաղ, չհաղթեցի: Շատ էի հուսահատվել: Չէի շփվում ոչ մեկի հետ, հաց չէի ուտում, չէի ցանկանում ոչ մեկի տեսնել, առավել ևս` խոսել: Մի ե րեկո ընկերուհիս զանգահարում է և ասում, որ գալիս է. անկեղծ ասած, անգամ նրան չէի ուզում տեսնել: Բայց չէի կարող ասել, որ չգա. դա իմ կողմից մեծ վիրավորանք կլիներ: Երեկոյան Էլիզան գալիս է»,- պատմում է Մարիմաը: Հիշում է` այդ օրը ընկերուհին փորձում էր հանգստացնել իրեն, հուսադրել, բայց ես չէր ստացվում: «Ինձ համար կարծես ամեն բան վերջացած լիներ: Էլիզան մի քանի րոպե լռելուց հետո ինձ ասաց, որ լավ լուր ունի: Նա հայտնեց, որ էլի մրցույթ է հայտարարված և ինձ առաջարկեց կրկին մասնակցել: Ես մերժեցի նրա առաջարկը: Այնքան էի հուսալքված, որ էլ ոչ մի բանի մասին չէի կարող մտածել: Ես մտածում էի, որ պայքարելն իմ պարագայում անիմաստ կլիներ, որ իմ երազանքներն երբեք չեն իրականանա, բայց ընկերուհիս ինձ այնպիսի խոսքեր ասաց, որ ես կարծես թե սթափվեցի: Սկսեցի այդ մրցույթին մասնակցելու մասին մտածել, կասկածանքների մեջ էի. մի պահ որոշեցի համաձայնել, բայց երբ պատկերացնում էի, որ էլի պարտվելու եմ, չէի ուզում ոչնչի մասին մտածել: Էլիզան իր ճիշտ խորհուրդներով միշտ ճշմարիտ ուղու վրա է կանգնեցրել, և այդ պահին էլ ընկերուհուս խոսքերը հնչեցին ականջիս. «Կյանքը դատարկ է առանց պայքարի: Առանց պարտվելու երբեք հաղթանակ չես տանի»: Վերլուծում էի նրա խոսքերը և հասկանում, որ դրանք ճշմարտություն են: Որոշեցի զանգել և ճշտել այդ մրցույթի մանրամասները, բայց երբ զանգեցի, Էլիզն ինձ ասաց, որ արդեն ուշ է` մրցույթն ավարտված է: Իմ վերջին հույսն էլ մեռավ:
Մի քանի օր հետո Մարիամը նամակ է ստանում, գրված էր. «Շնորհավորում ենք ձեզ մրցույթում հաղթելու համար: Խնդրում ենք պատրաստվել մեկնելու…»: «Չհասկացա այդ պահին` ինչ կատարվեց հետս: Մի քանի անգամ կարդալուց հետո նոր հասկացա, որ դա երազ չէր: Նամակի մեջ դրված էր նաև ԱՄՆ մեկնելու տոմս: Էլիզան էր այդ ամենի հեղինակը: Նա իմ տվյալներով մասնակցել էր մրցույթին ու հաղթել: Երբ իմացա, սկսեցի բարձրաձայն լաց լինել, բայց ոչ նրա համար, որ Ամերիկա եմ գնալու, այլ նրա, որ Էլիզայի նման թանկագին ընկերուհի ունեմ: Եկավ մեկնելու օրը: Ամեն ինչ շատ լավ էր, իմ երազանքն իրականացած էր, միայն կարոտն էր տանջում: Առաջին օրը համալսարան գնացի: Այնտեղ ինձ շատ լավ ընդունեցին: Մեր խմբում էլի հայ կար, անունը Արման: Նա իմ հանդեպ շատ ուշադիր էր, և մենք մտերիմ էինք: Գնում էի իրենց տուն, ծնողներն ինձ իրենց աղջկա նման էին սիրում: Ժամանակի ընթացքում հասկացանք, որ մեր զգացմունքը գնալով խորանում է: Շուտով ամուսնացանք: Համալսարանն ավարտելուց հետո եկանք Հայաստան: Ծնողներիցս հետո առաջին մարդն, ում շատ էի ուզում տեսնել Էլիզան էր: Նա ամուսնացել էր, արդեն բալիկ ուներ: Ընկերուհիս իր այդ քայլով չէր էլ պատկերացնում, որ ոչ միայն երազանքս էր իրականացրել, այլ նաեւ` ինքնաթիռի տոմս ձեռք բերել, որն ինձ կտաներ դեպի երջանկություն»:
Ստելլա Հարությունյան