Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի Լը Կամյուն իր ձուն դատարանի վճռով պետք է թողնի Հայաստանում

Դեկտեմբեր 01,2011 12:09

Անդրե Լը Կամյուն եկել էր Հայաստան սուրբ նպատակներով: Նա իր հետ բերել էր «Դուքս դը Բեռիի թանկագին ժամերը» հին ձեռագիրը: Մեր հյուրը նպատակ ուներ թանկագին ձեռագիրը մագաղաթի վրա «ձգել», զարդարել ոսկի գեղագրությամբ: Լը Կամյուն հանդիպել էր վարպետ Սերգեյ Օկոեւի հետ եւ կնքել միաժամանակ երկու պայմանագիր:

Առաջին պայմանագրի համաձայն, վարպետը պետք է վերոհիշյալ ձեռագիրը տեսքի բերեր, կատարեր որոշակի աշխատանքներ, իսկ երկրորդ պայմանագրի համաձայն՝ Ս.Օկոեւը պետք է պատրաստեր ոսկե դեկորատիվ ձու: Աշխատանքների դիմաց վարպետը պիտի ստանար նախ 32 000 եվրո, ապա՝ 29 000 եվրո: Պայմանագրի վերջնաժամկետն ավարտվել էր անցյալ տարվա հունիսին: Ի վերջո, բանկային փոխանցմամբ, պատվիրատուն՝ ֆրանսիացին, մեր վարպետին վճարել էր 66 950 եվրո: Սակայն ոչ ձուն է պատրաստվել, ոչ էլ կատարվել էին համապատասխան աշխատանքներ:

Օկոեւը  դատարանում ասել է, թե ձեռագրի հետ աշխատանքի դժվար էր, քանի որ ձեռագիրը բաղկացած էր 412 էջից եւ պարունակում էր 65 խոշոր եւ 64 փոքր մանրանկարներ:Այդ բնօրինակի վրա աշխատել են 5 նկարիչներ, 10 գրիչներ: Այդպիսի ձեռագրերը ստեղծվում են տասնամյակների տքնաջան աշխատանքի արդյունքում: Իր աշխատանքը ցուցադրվել է Մատենադարանում եւ ունեցել բազմաթիվ արձագանքներ:

Օկոեւն ասել է, որ զգալով աշխատանքի բարդությունը՝ ինքը ֆրանսիացուն առաջարկել է վերադարձնել գումարը, այն էլ ոչ թե 60 000 եվրոյի չափով, այլ՝ 100 000-ի, ինչին մեր հյուրը չէր համաձայնել:

Լը Կամյուի ոսկյա ձուն նախատեսվում էր զարդարել 18 կարատ, 20 սմ. բարձրության, սպիտակ եւ կապույտ կիսաթափանցիկ էմալով, 0.12 կարատանոց ադամանդներով: Ձուն մեջտեղից բացվելու էր՝ ադամանդների երկու հաջորդական շարքերի միջեւ: Պայմանագրում Կամյուն գրել էր. «Բացվելուց հետո ձվի մեջ անակնկալ կա», թե ինչ՝ չիմացանք:

 

Ոսկե «քինդերը» մնաց Հայաստանում

 

Ընդհանուր իրավասության դատարանը քննության ժամանակ արձանագրեց, որ պատասխանող Սերգեյ Օկոեւը ստանձնել է պարտավորություններ, սակայն չի կատարել դրանք իր ստանձնած ժամկետում, չնայած հայցվոր Լը Կամյուից ստացել էր որոշակի գումար:

Անկախ ձվի բաղադրությունից եւ ձեռագրից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածը սահմանել է. «Պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ, պարտավորության պայմաններին, օրենքին եւ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում գործարար շրջանառության սովորույթներին ու սովորաբար ներկայացվող այլ պահանջների համապատասխան»:

Ինչ վերաբերում է Օկոեւի կանխարգելիչ առաջարկին՝ վճարել, վերադարձնել գումարը, ՀՀ քաղաքացիական օրենքի 348 հոդվածը դրա բացատրությունն էլ ունի. «Պարտավորությունը կատարելուց միակողմանի փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսվող դեպքերի»:

Դատարանը վճռեց Սերգեյ Օկոեւի դեմ հայցը բավարարել եւ բռնագանձել հօգուտ Լը Կամյուի 66 950 եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումար:

Օկոեւից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաեւ 1339 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որպես պետական տուրքի գումար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031