Վերջին շրջանում մեր լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում մեր հոգեւոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների ամենեւին ոչ ժուժկալ ապրելակերպին։ Մասնավորապես լայնորեն շրջանառվեց Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի՝ իր սանիկից որպես նվեր ստացած «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայի եւ վարչապետից ստացած անվանական ատրճանակի թեման։ Բարեբախտաբար, սակայն, եկեղեցու ոչ բոլոր «սպասավորներն» են աչքի ընկնում նման վարքով։ Նոյեմբերի 28-ին Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը մոսկվաբնակ բարերար Էդմոն Էվոյանից նվեր է ստացել «Նիվա» մակնիշի 2 ավտոմեքենա։
Բարերարը նախապես ցանկություն էր հայտնել թեմակալ առաջնորդին ծառայողական թանկարժեք ավտոմեքենա նվիրաբերելու մասին, ինչից, սակայն, Սեպուհ սրբազանը հրաժարվել է՝ բարերարին առաջարկելով նվիրաբերվելիք գումարով 2 ավտոմեքենա գնել թեմի կարիքների համար, քանի որ իրեն բավարար է նաեւ հին ծառայողական ավտոմեքենան։ Բարերարր սիրահոժար համաձայնել է։ Այնուհետեւ, թեմակալ առաջնորդի որոշումով, ձեռք բերված «Նիվա» ավտոմեքենաները հանձնվել են Սպիտակ քաղաքի եւ Օձուն գյուղի հոգեւոր հովիվներին՝ տեր Ավետիք աբեղա Սողոմոնյանին եւ տեր Վրթանես քահանա Բաղալյանին՝ «առ ի սպասավորություն թեմի 20 համայնքների հոգեւոր կարիքների»։
Ի դեպ, Է. Էվոյանի բարերարությունն այդքանով չի սահմանափակվել։ Սեպուհ սրբազանի խնդրանքով եւ առաջարկությամբ դրամական օժանդակություն է հատկացվել Վանաձորի ծերանոցին, մանկատանը, Վանաձորի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցին (700 000-ական դրամ), Սպիտակի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցին (300 000 դրամ), 11 անվճարունակ ուսանողների (500-ական ԱՍՆ դոլար), 15 կարիքավոր դպրոցականների (100-ական ԱՄՆ դոլար) եւ 30 զոհված ազատամարտիկների տանիքների (200-ական ԱՍՆ դոլար):
Ահա այսպիսի տարբեր կենցաղի են հետեւում մեր թեմակալ առաջնորդները։
«Երկիր»