Ինչ որ բան մեր կեանքում շտապ պէտք է փոխել
Մարդիկ միմիանց պիտի սիրել կարողանան։ Միայն այդ կերպ կարելի է մեր երկիրը լցնել սիրով։ Սիրել նշանակում է ներել։ Պիտի իրար ներենք եւ եթէ ցաւ ենք պատճառել, ապա ներողութիւն խնդրելով դիմացինին էլ հնարաւորութիւն տանք ներել ու իր մասով մեր երկիրը ատելութեան փոխարէն լցնել սիրով։
Նոր ոչինչ չեմ ասում։ Մեր հայրերի ընդունած հաւատը այս է պարտադրում, բայց առօրեական թոհ ու բոհի մէջ մենք կորցնում ենք մեզ ու տրւում ատելութեանը, հակադրութեանը, հայհոյախօսութեանը ու ի վերջոյ ՝չարին։ Իսկ երբ դու չարի կամքը կրողը դարձար, քո միջավայրն էլ է այդպիսին դառնում…
Գուրգեն Եղիազարեան, հայ մարդ, որ ինձ հայհոյելով հաճոյք եք ստանում։ Ես ձեզնից ներողութիւն եմ խնդրում, որ իմ պատճառով հունից դուրս եք եկել։ Ինձ ճիշտ կհասկանաք, թէ սխալ, ինձ համար էական չէ։ Էականն այն է, որ ես ձեր անհասկանալի ատելութեանը ատելութեամբ չպատասխանելով պակասեցնեմ չարը մեր երկրում։
Կարդացեք նաև
Հաւանաբար շատ ծանր եք տարել այն որ ես ասել եմ ձեզ չեմ ճանաչում։ Եթէ այդպիսի բան ասել եմ, ապա ոչ երբէք ձեզ նուաստացնելու համար։ Գուցէ եւ առնչուել ենք, նոյնիսկ ծանոթ ենք եղել, բայց այդ պահին չեմ յիշել։ Իզուր եք այդպէս հիւանդագին ընկալել։ Ես իմ հեռուստահաղորդման մէջ ձեր անձնականի մասին ոչ մի խօսք չեմ ասել։ Անդրադարձել եմ ձեր արտայայտած մտքերին, որոնք Առաւօտի հրապարակման մէջ դուք արդէն վերախմբագրած, աւելի հստակ եք ներկայացնում։ Կարող եք ինչ որ հարցի մասին ձեր կարծիքն ունենալ, որը խստօրէն կտարբերուի ոչ միայն իմ, այլեւ քաղաքակիրթ աշխարհի պատկերացումներից, բայց խօսեք նիւթից։ Եթէ այլ նիւթի եք անցնում, ձեր իրաւունքն է, բայց խնդրում եմ, նկատի ունեցեք, որ նման դէպքերում ես պարտաւոր եմ առարկայօրէն պատասխանել եւ անհիմն, զրպարտող յայտարարութիւնների համար նոյնիսկ ձեզ դատարան հրաւիրել։ Ես ձեզ, ձեր անձին ցաւ պատճառել չեմ ուզում, ուստի խնդրում եմ պահպանենք պարկեշտութեան չափը։ Դրանից նախ եւ առաջ կշահեք դուք եւ ձեր անմահ հոգին…
Երկու օր առաջ մամուլի ասուլիսի ընթացքում վրդովուած այն բանից, որ սկզբում աւելի քան պատշաճ ուշադրութիւն դարձնելով, ապա եւ անտեսելով կատարեալ ժողովրդավարութեան համակարգի վերաբերեալ իմ առաջարկը ես ժամկետային ընդգրկումով նայելով Ժառանգութիւն եւ ԲՀ կուսակցութիւններին ինձ թոյլ տուեցի ոչ պատշաճ արտայայտուել նրանց վերաբերեալ։ Ինչ, քանի որ ես եմ ասել ու թւում է՝ քաղաքագիտօրէն հասկանալի, ուրեմն վե՞րջ։ Ոչ, այդպէս չէ, այդպէս չպէտք է լինի։ Միշտ յիշենք, որ մարդն է, մարդիկ են մեր խօսքերի թիրախում եւ եթէ ամենամեծ ճշմարտութիւնն էլ ցաւ ու տառապանք է պատճառելու, այն արժեզրկում է։ Կամ պէտք է գտնել ամոքիչ ճշմարտութիւնը առանց ցաւագին դրսեւորումների մատուցելու ձեւ կամ լռել… Ցաւոք, ես միշտ չեմ վարուել այդպէս։ Հնչած վիրաւորանքին արձագանքել եմ ոչ պակաս նշաւակելի գնահատումներով։ Վերեւում նշածս մամուլի ասուլիսից երկու օր անց, ահա ես խոստովանում եմ, որ խորապէս ցաւում եմ, ոչ միայն ցաւում եմ, այլեւ հրապարակաւ ներողութիւն եմ խնդրում Ժառանգութիւն, Բարգավաճ Հայաստան կուսակցութիւնների անդամներից, մանաւանդ նրանց հաւատացողներից։ Ներողութիւն եմ խնդրում Լեւոն Տէր-Պետրոսեանից եւ նրան հաւատացողներից։ Յիշատակածս մամուլի ասուլիսում ես նշում եմ որ կատարեալ ժողովրդավարութեան համակարգի որդեգրման իմ առաջարկին առանձնայատուկ գործնականութեամբ է վերաբերուել Գագիկ Ծառուկեանը, որ նա աջակցել է նաեւ Աիմաւան 1-ի եկեղեցու շինարարութեանը, սակայն էլեկտրոնային լրատւութեան հիմնական մասը այս ամենի մասին ոչ մի խօսք։ Թոյնը շատ է եւ բոլորիս պարտքն է այն նուազեցնել։
Խօսքդ, նոյնիսկ խիստ խօսքդ պիտի դառը դեղի դեր ունենայ եւ ոչ երբեք սպանիչ թոյնի՝ նոյնիսկ այն դէպքում, երբ քեզ թւում է թէ դու ակնյայտ չարիքի հետ գործ ունես։
Գրութեանս բարոյեախօսական հատուածն էլ թող վիրաւորական չթուա։ Այդ խօսքերը նախ եւ առաջ ինձ են ուղղուած։ Ես ձեզ հորդորում եմ կագեբեի դպրոցի աշխատելաոճը թողնել անցեալին։ Խնդրոյ առարկայ գաղտնազերծման վերաբերեալ Արտակ Ալեքսանեանի իմ հարցազրոյցում ասուածին, որ դուք հաւանաբար չեք լսել, ես ուզում եմ աւելացնել միայն այն, որ Անկախացած Հայաստանը պարտաւոր է իր անկախութեան համար պայքարող մարդկանց դէմ գործած անհատներին թոյլ չտալ անկախ Հայաստանի համար կարեւորութիւն ունեցող պաշտոններ զբաղեցնել։
Ինչ վերաբերում է ձեր «մերկացումներին» նախ տեղեկացնեմ, որ այդ խնդրի շուրջ այժմ ձեր նախկին գաղափարակիցներից՝ կոմունիստներից երկուսը, ցաւոք, կանգնած են դատարանի առաջ։ Աշխարհով մէկ տարածուած էր թռչնագրիպ կոչուող հիւանդութիւնը։ Իրենց իմ հակառակորդ համարող (իրականում՝ իրենք իրենց հակառակորդ) մարդկանց շրջանում տարածուած է «թռչնաբուծաֆաբրիկայացաւ» հիւանդութիւնը։ Այն ձեզ էլ է վարակել։ Սպեղանին շատ հասարակ է՝ ճշմարտութիւնը։ Այո, ես փորձել եմ եւ կարողացել եմ ամերիկահայ գործարարների համոզել, որ 1998 թուականին ներդրում կատարելով վերակենդանացնեն ձեր նշած ֆաբրիկան եւ իսկապէս մի քանի ամիս արդէն 6 տարի թալանուող ֆաբրիկան աշխատել է։ Յետոյ ներդնողները աշխատանքները շարունակելը շահեկան չեն համարել։ Այս է ամենը։
Ինչ վերաբերում է Լաչինի զոհերին, ապա պարզապէս հարցրեք այն ժամանակուա նախագահ ձեր ներկայիս առաջնորդին, թէ այդ ինչպէ՞ս պատահեց, որ դուք փախստականների վերաբնակեցման գործը նախաձեռնած պարետ Հայրիկեանին վստահեցնում էիք, որ իրենց վտանգ չի սպառնում, բայց այնտեղ մարդիկ զոհուեցին։ Ես պատասխանն ունեմ, բայց լսեք օրուա պատասխանատուին՝ «գլխաւոր հրամանատարին»…
Մի հաւելում էլ. կովեր եք յիշատակում։ Ոչ միայն կովեր, այլ նաեւ խոզեր, ոչխարներ եւ այծեր, այո, ես հիմնականում զոհուածների ընտանիքներին պատկանող բաժնետիրական ընկերութիւն ստեղծել եմ եւ զգալի ներդրումներ կատարել… Ու այն, չնայած պարտադրուած բազմաթիւ դժուարութիւնների ինչ-որ չափով շարունակում է իր գործունէութիւնը։ Ի դէպ, անիրազէկ մարդիկ դա իմ սեփականութիւնն են համարում, մինչդեռ ես նոյնիսկ մէկ բաժնետոմս չունեմ այդտեղ։ Դուք իրազեկներից եք, հանեք չարակամութիւնը եւ ուրախացեք, որ մեզանում կան մարդիկ, ովքեր առանց անձնական շահի կարող են ինչ-որ գործեր անել մարդկանց համար։ Եւ այդ կողմերով՝ ԱԻՄԱՎԱՆ 1-ի մերձակայքով անցնելիս հիացեք իմ ձեռքերով կառուցած ջրուէժով եւ հայացքն հառելով իմ նախաձեռնութեամբ կառուցուած եկեղեցու խաչին մեղքերի թողութիւն խնդրեք…Իմ մեղքերի…
Պարոյր Հայրիկեան
1968-2011 թթ. ԱՄԿ-ԱԻՄ առաջնորդ