Այսօր` դեկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան` ժամը 07.40-ի սահմաններում, Խանջյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ թողնելով անօգնական` դիմել է փախուստի: Հետիոտնը տեղում մահացել է: Նա անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված հատվածում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշ Վանյանը: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: