«Դաժե» բառի համար լրագրողներից մեկը նկատողություն արեց 9-րդ դասարանցի Մարգարիտա Պարսամյանին: Վերջինս այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր.«Ախր Արմենիայով `հատկապես «Կարգին սերիալ» հաղորդման ժամանակ այնպիսի բառեր են ասում, дажо ես եմ ամաչում խոսել այդ մասին: Ապա թաքցնելով շփոթմունքը ավելացրել էր. «Անգամ ես եմ այդպիսի բառեր սովորել»:
Մարգարիտան Երևանի Ջոն Կիրակաոսյանի անվան թիվ 20 դպրոցի սաներից մեկն է: Մի շարք աշակերտների հետ նա ներգրաված է «Երեխան երեխայի համար» մեթոդաբանությամբ գործող խմբում: Մտահոգված նրանով,որ հեռուստատեսությամբ ցուցադրվում են շատ անորակ հաղորդումներ, որոնք բացասական ազդեցություն են ունենում երեխաների զարգացման վրա, խումբը քայլեր էր ձեռնարկել այդ ուղությամբ. կատարել էր սոցիալական հարցումներ և հանդիպումներ ունեցել ինչպես պաշտոնական ,այնպես էլ հեռուստաեթերի համար պատասխանատու անձանց հետ:
Ասուլիսի ընթացքում այս դպրոցի սաները ներկայացրեցին իրենց անցկացրած հեռուստաեթերի մոնիտորինգի արդյունքները: Նրանք դժգոհ են. անգամ իրենց փոքրիկ քույրերն ու եղբայրներն են ընդօրինակում սերիալների և մուլտֆիլմերի չար հերոսներին: «Հաճախ եմ լսում` Ես քեզանից ոնց եմ զզվում,փուֆֆֆֆֆֆ, դու վատն ես, քեզ չեմ սիրի, նույնիսկ պատահում է, որ երեխաները վնասում են իրենց»,-ասում է Էմման: Բացի այդ` շատ քիչ են գիտակրթական հաղորդումները: Երեխաները նախընտրում են դիտել «Շողակաթ» հեռուստաալիքը: Իրենց իրավունքների պաշտպանության համար նրանք նույնիսկ տեսանյութ են պատրաստել: Այդ հարցում նրանց օգնել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը` տեխնիկական միջոցներով:
Ըստ ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվեցիայի 17-րդ հոդվածի` հարկավոր է զանգվածային լրատվամիջոցներով խրախուսել երեխաների կրթությանը, հոգևոր մշակութային զարգացմանը նպաստող նյութերի հեռարձակումը և արգելել երեխային վնաս պատճառող տեղեկատվությունը:
Նազենի Բաղդասարյան