«Մանկական եվրատեսիլ 2011»-ը «Առավոտը» չի լուսաբանելու: Հայաստանյան պատվիրակության ղեկավարները ասում են` այդպես է «որոշել» Եվրոպական հեռարձակողների միությունը:
«Մանկական եվրատեսիլ» մրցութ-փառատոնին դեռեւս անցած տարի բոլորս` լրատվամիջոցները եւ հասարակությունը մեծ խանդավառությամբ էինք սպասում: Մտածում էինք` լավագույն առիթ է եւս մեկ անգամ Եվրոպային մեր մասին լսեցնելու, տրամաբանական էր` այստեղ իրենց մեծ դերն ու նշանակությունը պետք է ունենային լրատվամիջոցները, հատկապես` հայրենական: Այն, որ մրցույթ-փառատոնի նախապատրաստական աշխատանքներն էլ իրենց հունով չեն ընթանում, ամեն ինչ անկազմակերպ եւ անփույթ է, նկատել ենք բոլորս էլ: Դրա մասին մասնավոր զրույցներում խոսում ենք լրագրողներով, բայց մտածում, չարձագանքենք` ջայլամի պես գլուխներս հողում պահած. պետական նշանակության միջոցառում է, երկիրը կվարկաբեկվի մտածում ենք մենք, հետո հասկանում ենք` երկիրը այդ մասին չի՞ մտածել:
Պատրաստվում ես լուսաբանել երկրումդ տեղի ունեցող կարեւոր մշակութային միջոցառում` «Մանկական Եվրատեսիլ 2011», պարզվում է` չես կարող: Հավատարմագրվել ես, բայց «բեյջ» չունես: Իսկ քեզ մրցույթի հայաստանյան պատվիրակության մամուլի պատասխանատու Արտակ Վարդանյանն ասել է` դրանք «Անի պլազա» հյուրանոցում են: Գնում ես այնտեղ, քեզ ուղորդում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Բոլոր գործերդ թողած` հայտնվում ես այնտեղ` նորից մտածելով, գնամ , վերցնեմ թղթի կտորը, շատ նյութեր կգրեմ, կարեւոր բան է, ոչ միայն ինձ եւ լրատվամիջոցիս, այլ ` առավել շատ երկրիս վարկանիշի համար, ինչքան շատ անդրադառնամ, այնքան լավ կլինի: Գնում, հասնում ես համալիր, ներկայանում ես` «Առավոտից» ես, կանգնածներից Տիգրան Դանիելյանն էլ փնտրում է քո «բեյջը», չի գտնում, բայց նրա խոսքից հասկանում ես. «Առավոտի» լրագրողների հավատարմագրման հարցերով ինքն էլ է զբաղվել, «բեյջերը» ձեռքի տակ ընկել են, տեսել է, նրա պահվածքից կռահում ես` խնդիրը իրենց մեջ է: Խնդրում է նորից ուղարկել հավատարմագրված լրագրողների նկարները, խոստանում, որ շուտ ուղարկելու դեպքում առավոտյան «բեյջերը» պատրաստ կլինեն: Նկարները ուղարկվում են, պատասխան նամակ է գալիս, նշվում է` հավատարմագրման ժամկետը լրացել է, չենք կարող մասնակցել: Նորից զանգ Տիգրանին, նա էլ հեռախոսով ` «խնդիր չկա, վաղը կգաք եվ ձեր բեյջերը կստանաք»: Վաղը գալիս է , մենք էլ գնում ենք համալիր` «բեյջը» ստանալու, նաեւ նույն օրը կազմակերպված ասուլիսը լուսաբանելու: Համալիրի դռների մոտ Արտակ Վարդանյանն է: Ասում է` չկան «բեյջերը», հստակ պատճառաբանություն չի էլ նշում, ինքն էլ չգիտի` ով է թերացել` իրե՞նք` մրցույթի հայաստանյան կազմակերպիչները, թե՞` լրագրողներս: Արտակ Վարդանյանը համոզում է` իր մեծ ցանկությունն է` տեսնել հայկական բոլոր լրատվամիջոցներին այդ մրցույթը լուսաբանելիս, իր համար ոչ մի տարբերություն չկա, թե որ լրատվամիջոցներն այնտեղ կլինեն: Գնում է «հարցը կարգավորելու», նրան փոխարինելու է գալիս Տիգրան Դանիելյանը:
Սա էլ ոչ մի նոր բան չի ասում, երբ առաջ ես ընկնում եւ հիշեցնում քեզ մի օր առաջ խոստացածը, հարցնում ես` ինչու՞ է հավատացրել, որ կլինեն «բեյջերը», եթե նախօրոք վստահ չէր, որ դրանք կլինեն: Մտքովդ էլ ամեն ինչ անցնումն է` կորցրել են այդ թղթի կտորը: Նորից հնչում են ոչինչ չասող նախադասություններ Տիգրան Դանիելյանի շուրթերից: Գալիս է Արտակը, նրան միացած «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Լուրջ դեմք ընդունած` Արտակ Վարդանյանն ասում է, որ կարեւոր գործերից կտրել է Եվրոպական հեռարձակողների միության անդամներին եւ ճշգրտել, որ «Առավոտի», նաեւ մեզ մոտ կանգնած 3 այլ լրատվամիջոցների լրագրողների հավատարմագրման հայտը Եվրոպական հեռարձակողների միությունը ստացել է, բայց` մերժել: Զարմանում ես, փորձում հասկանալ`ինչու՞, Արտակն էլ` թե դա բարդ մաթեմատիկական հաշվարկների նման մի բան է, ի՞նչ իմանա: Մեկ ժամ անիմաստ ժամանակի կորուստի զգացումը ստիպում է քեզ լքել համալիրը եւ մոռանալ երկրիդ վարկանիշը բարձրացնող նյութեր գրելու մասին:
Հռիփսիմե Հովհաննիսյան