Արարատ գյուղը` նախկին Դավալուն, Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Գյուղն, ըստ ավանդության, կոչվել է Օհանաշեն, Մարտակերտ: Հետո այստեղ բնակություն հաստատած թուրքերը կոչել են Դավալու: «Դավալու» թուրքերենից նշանակում է կռվի, վեճի վայր: Գյուղի բնակիչներն էլ իրենց ճարպկությամբ հարևան բնակավայրերին հայտնի են եղել «Մաֆթուլ տուր, ֆանդ անեմ» ասացվածքով: Ներկայումս գյուղն ունի 8400 բնակիչ: Այս տարի նշվեց գյուղի 183 ամյակը: Արարատ գյուղի բնակիչ , ուսանողուհի 20 -ամյա Արմինեն իր ծննդավայրը համարում է աշխարհի ամենալավ վայրը.«Ես շատ են սիրում իմ գյուղր: Միակ բանը, որ կուզեի լիներ, զբոսայգին է: Շատ եմ ուզում, որ երեկոյան մեր գյուղի երիտասարդներն էլ դուրս գան զբոսնելու, բայց ոչ փողոցում »,-ավելացնում է Արմինեն: Երիտասարդները գոհ են` գյուղապետարանը անվճար ավտոբուս է տրամադրել ուսանողներին` դասի գնալու համար: Գյուղի մշակույթի տունը վերանորոգված է, սակայն չի ջեռուցվում: Գյուղապետ Գրիշա Մելքոնյանն ասում է` այս տարի` բերքի տոնին, շահած 10 միլիոն դրամը կհատկացվի մշակույթի տան ջեռուցման աշխատանքներին: Գործում են պարի և շախմատի խմբակներ: Գյուղը նաև ունի սպորտի խմբակներ` ֆուտբոլի, ըմբշամարտի և կարատեի : Հունվար ամսին ավարտին կհասցնեն նաև ֆուտբոլի մարզադաշտը: Նաև նշենք, որ գյուղի երիտասարդները «Ոսկե հասկ» ֆուտբոլային մրցաշարում այս տարի գրավել են առաջին տեղը: Արարատ գյուղի ամենամեծ խնդիրը ջրամատակարարումն է: Գյուղապետը դիմել է մարզի ջրային տնտեսություն, որտեղ խոստացել են ոչ միայն ջրամատակարարել, նաև փոխել այն խողովակները, որոնք շահագործման պիտանի չեն: Ասֆալտապատման և լուսավորման աշխատանքներն էլ ընթացքի մեջ են: Մյուս տարի գյուղի բոլոր փողոցները լուսավոր ու ասֆալտապատ կլինեն: «Մենք ուզում ենք, որ մեր գյուղի բնակիչները բարեկեցիկ և ապահով ապրեն, այդ իսկ պատճառով ամեն ինչ արվում է գյուղի զարգացման և բարելավման համար»,-ավելացրեց գյուղապետր:
Մետաքսյա Ավագյան