Ներկայացնում ենք «Առավոտի» հարցազրույցը «Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանի հետ.
– Պարոն Սարգսյան, հաճախ է լրատվամիջոցներում շրջանառվում, թե սատարում եք Սերժ Սարգսյանին, բայց ոչ՝ նրա թիմին: Ի վերջո՝ հստակեցրեք:
– Կրկին անգամ մամուլը խեղաթյուրում է: Ասել եմ՝ ես նախագահի կողքին եմ կանգնած, ամբողջ պոտենցիալով, իմ ընտանիքով սատարում եմ նախագահի թիմին: ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար նախագահի հետ եմ՝ իմ «Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունով»: Քանի որ նա իրոք մարտական ուղի անցած տղա է, գիտի՝ ինչ ասել է ազատամարտիկ, ծանոթ է նրա հոգսերին: Կանգնած եմ երկրի նախագահի կողքին եւ սատարում եմ նրա թիմին: Բնական է՝ խոսքը Հանրապետական կուսակցության մասին է, քանի որ երկրի նախագահը Հանրապետական կուսակցության առաջնորդն է:
– Նախկինում շրջանառվում էր այն մասին, որ, մեղմ ասած, Ձեր ու ներկա ոստիկանապետի «ջրերը մի առվով չեն հոսում»:
Կարդացեք նաև
– Նախ՝ ասեմ, որ ներկա ոստիկանապետին շատ հարգում եմ: Վլադիմիր Սերգեյի Գասպարյանն իր էությամբ պրոֆեսիոնալ է այս գործում, նա քաջ տիրապետում է ոստիկանության ողջ համակարգին եւ կարող է ոստիկանության համակարգի դերն ու նշանակությունը բարձրացնել:
Ես անձնական խնդիրներ չեմ ունեցել ոստիկանապետի հետ, ունեցել եմ ծառայողական խնդիրներ իմ ընկերների հետ, քանի որ ես ղեկավարում էի Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը, որն էլ կապում էին ոստիկանության հետ:
Ես աշխատել եմ Վլադիմիր Գասպարյանի հետ եւ շատ բան եմ սովորել նրանից: Իր ենթակայության տակ եմ աշխատել: Ես պատրաստ եմ նրա հետ համագործակցելու, հույս եմ կապում եւ հավատում, որ ներկա ոստիկանապետը կանի ամեն ինչ, որպեսզի ոստիկանն իրեն հպարտ ու արժանապատիվ զգա:
– Պարոն Սարգսյան, կան լուրեր նաեւ այն մասին, որ Դուք սատարելու եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այդպե՞ս է:
– Նորից եմ կրկնում: Ես երբեք չեմ սատարել որեւէ քաղաքական ուժի: Նախագահական ընտրություններին սատարել եմ նախագահ Սերժ Սարգսյանին, պառլամենտական ընտրություններին՝ Հանրապետական կուսակցությանը: Ոչ մի անգամ չեմ արտահայտվել, թե սատարում եմ այս կամ այն կուսակցությանը, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ես «Բարգավաճի» հետ ոչ մի կապ չունեմ՝ ոչ ֆինանսական, ոչ տնտեսական, ոչ էլ նյութական: Ոչ էլ սատարում եմ նրան:
– Դուք ամիսներ առաջ «Առավոտին» ներկայացրիք «Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության» խնդիրների հետ կապված մի փաթեթ: Ի՞նչ եք մտադիր անելու:
– Մենք հասարակական կազմակերպություն ենք եւ հեռու ենք քաղաքականությունից: Մեր վետերանների սոցիալական, տնտեսական, իրավական, ֆինանսական վիճակը կապված է ներկա ոստիկանապետի հետ: Մենք գրավոր կներկայացնենք առաջիկա հանդիպման ժամանակ մեր մտահոգությունները՝ հավատալով, որ նա կարճ ժամանակահատվածում մեր խնդիրները կլուծի: Ոստիկանապետի մեկ ամսվա աշխատանքը դա է ապացուցում:
Վետերանները պետականամետ զինվորներ են եւ կանգնած են ներկա ոստիկանապետի եւ ոստիկանության կողքին: