ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ Լոռու մարզ կատարած այցի նպատակն էր ծանոթանալ պետբյուջեից տրամադրված գումարներով կատարվող շինարարական աշխատանքներին: Փոխվարչապետի առաջին կանգառը Արեւաշող համայնքի նախակրթարանն էր, որի շինարարությունն սկսվել է համայնքային բյուջեով, եւ միայն այս տարի է պետբյուջեից լրացուցիչ գումար տրամադրվել շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար:
Մարզկենտրոն Վանաձորում փոխվարչապետը կանգ առավ Տարոն թաղամասի հիմնանորոգված փողոցներում, որից հետո ուղևորվեց Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան: 50 միլիոն դրամ է ծախսվել Վանաձորի նախկին հերթապահ ոստիկանության շենքը հարմարեցնելու, վերանորոգելու եւ թանգարանի վերածելու համար: Հիշեցնենք, որ հիմնադրված օրվանից թանգարանը տնակից տնակ է տեղափոխվել եւ մշտական տանիք չի ունեցել («Առավոտ», 23 նոյեմբերի, 2010, «Թանգարանը տնակներում»):
Թանգարանն առայժմ ջեռուցում չունի: Լոռու նոր մարզպետը խոստացել է, որ հարցը կլուծվի:
Արմեն Գեւորգյանը խոսել է նաեւ մարզի համայնքների բյուջեներից: Նոյեմբերի 1-ի դրությամբ Լոռու մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 4 մլրդ դրամի դիմաց կազմել են 3,7 մլրդ դրամ (կատարողականը` 91,8%): Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 77%, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2 %-ով: Հողի հարկի հավաքագրումը հիմնականում նվազել է Վանաձոր, Տաշիր, Ալավերդի, Ֆիոլետովո, Վահագն, Լուսաղբյուր, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Լեռնահովիտ, Ձյունաշող, Աթան, Մեծ Այրում, Վարդաբլուր, Գյուլագարակ, Ուրասար, գույքահարկինը` Վանաձոր, Սպիտակ, Տաշիր, Օձուն, Ագարակ համայնքներում:
Կարդացեք նաև
Փոխվարչապետը հանձնարարել է մինչեւ տարեվերջ քայլեր ձեռնարկել հարկատեսակների ցուցանիշների բարելավման ուղղությամբ ` նվազման միտումը համարելով անթույլատրելի:
Նելլի ԴԱՎԹՅԱՆ