Երեկ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը դոկտոր Արմեն Մազմանյանի հրավերով բանախոսեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության դեպարտամենտում: «Արժեքների, նորմերի եւ հաստատությունների վերաիմաստավորումը Հայաստանում» (Rethinking Values, Norms, and Institutions in Armenia) շարքից «Ցեղասպանություն» բառի վերաիմաստավորում» (Rethinking the G-word) խորագրով բաց սեմինար-քննարկման ընթացքում Հովհաննիսյանը պատմական անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության ու Հայրենազրկման, համայն հայության եւ մարդկության դեմ հանցագործությունների իրավական ու քաղաքական բովանդակությանը, դրանց դատապարտման միջազգային իրավունքի միասնական սկզբունքների եւ կիրառման մոտեցման անհրաժեշտությանը:
Հովհաննիսյանը խոսեց Ցեղասպանության եւ թուրքական ժխտողական քաղաքականության հետեւանքով բազում մարդկային ճակատագրերի, պատմական հայրենիքի, մշակութային ժառանգության, կրոնական ու հոգեւոր արժեքների անդառնալի կորուստների, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի եւ սփյուռքահայության առջեւ ծառացած մարտահրավերների մասին:
Մասնակիցները Րաֆֆի Հովհաննիսյանին հարցեր ուղղեցին արդի տարածաշրջանային զարգացումների, հայ-թուրքական հարաբերությունների, Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականության տեսլականի, ինչպես նաեւ Ցեղասպանության ճանաչման եւ իրավաքաղաքական հետեւանքների վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները հույս հայտնեցին, որ նմանօրինակ քննարկումները շարունակական կլինեն, որի արդյունքում հնարավորություն կընձեռվի առավել մանրամասն ծանոթանալ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշումներին:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն