«Առավոտ երիտասարդականն» այս անգամ ժամադրվեց հեռուստահաղորդավար, շոումեն Հրաչ Մուրադյանի հետ: Ժամադրությունը ATV հեռուստաընկերությունում էր: Հեռուստահաղորդավար համբերատար եւ ժպիտով պատասխանեց մեր բոլոր հարցերին:
Կյանքում ի՞նչն է Ձեզ համար ամենակարևորը:
-Ինձ համար ամենակարևորը իրողություններն են, որոնցից ես որպես մարդ հաճույք եմ ստանում, որոնց օգնությամբ կարողանում եմ մարդ լինելս պահել:
Ինչի՞ համար եք փոշմանել:
-Ես չեմ մոռանում, թե աստված ինչու է ինձ գլուխ տվել ու մեջը խելք լցրել: Այնպես որ կատեգորիկ ու գլոբալ սխալներ չեմ գործել, որոնց համար արժե փոշմանել:
Առաջին անգամ ե՞րբ եք սիրահարվել: Հիշո՞ւմ եք նրան:
-Դպրոցում եմ սիրահարվել: Իրինա էր անունը, շատ սպիտակամորթ, փոքր քթով ու կապույտ աչքերով աղջիկ էր:
Ձեր ամենասիրած արտահայտությունը:
-Հաճախ եմ ասում «Ի՞նչ արեցիք»:
Ի՞նչ տվեց Ձեզ «Կիսաբաց լուսամուտները», ու ի՞նչ այն փոխեց Ձեր կյանքում:
– «Կիսաբաց լուսամուտները» առաջին հերթին փոխել է ինձ: Ես սկզբում ,գուցե, իդեալիստ էի, ու հիմա ամեն հաղորդումից հետո զայրանում եմ, փշաքաղվում եմ, զարմանում եմ, ցնցվում եմ: Հիմա ավելի զգույշ եմ ու սկսել եմ մանրուքներին ուշադրություն դարձնել, որոնք հետո մեծ պատմություններ են դառնում:
Ու՞մ եք համարում Ձեզ ամենամոտ մարդը:
-Ինձ ամենամոտ մարդիկ առաջին հերթին ծնողներս են, հետո իմ մի քանի ընկերները:
Ինչի՞ց եք ամենաշատը նյարդայնանում:
-Ամենաշատը նյարդայնանում եմ անպատասխանատվությունից:
Կնկարագրեք Ձեզ երեք բառով:
-Ծայրահեղ օպտիմիստ, ծայրահեղ նյարդային, ծայրահեղ ռեալիստ:
Ամենահիշվող բարեմաղթանքը ո՞րն է եղել:
-Ծննդյանս օրը մայրս զանգահարեց և ասաց. «Շնորհավոր տղաս, դու մեր հաճույքի արդյունքն ես»: Փաստորեն ես ոչ միայն սիրո, այլ նաև հաճույքի արդյունք եմ:
Ինչի՞ համար եք պատժվել առաջին անգամ:
-Ես նման դեպք չեմ հիշում: Ծնողներս ինձ չէին պատժում, այլ մեծ մարդու նման բացատրում էին, թե ինչու այս կամ այն բանը չի կարելի անել:
Ո՞րն է Ձեր համար իդեալական ընտանիքի մոդելը, ինչպիսին կուզենայիք, որ լիներ Ձեր ընտանիքը:
-Ինձ համար իդեալական ընտանիքը առողջ ընտանիքն է, որտեղ բոլորն իրենց տեղերում են: Իմ ընտանիքում պիտի հարգանք լինի ու առաջ սլանալու ձգտում բոլորի մոտ: Ինձ դուր է գալիս այն ընտանիքը, որտեղ ես մեծացել եմ: Կուզենայի, որ իմ ընտանիքն էլ այդպիսին լիներ:
Գիտեմ, որ սիրում եք ճանապարհորդել: Կա մի բան մեր մայրաքաղաքում, որը ստիպում է Ձեզ կարոտել, երբ քաղաքում չեք լինում:
-Ես առհասարակ նյութականին չեմ կարոտում, եթե չլինեին ինձ հարազատ մարդիկ, հնարավոր է, որ ես չկարոտեի: Ես մարդկանց եմ կարոտում:
Ե՞րբ է եղել Ձեր առաջին ժամադրությունը և որտե՞ղ:
-Իմ առաջին ժամադրությունը դպրոցական տարիներին էր, ձմռանը,պաղպաղակի վաճառակետի մոտ ու նորից Իրինայի հետ: Մենք միասին իմ ամենասիրած պաղպաղակը կերանք:
Մերի Խաչատրյան