«Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, «Առավոտի» հարցին ի պատասխան՝ մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում հնչած՝ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հեռանկարի վերաբերյալ հայտարարությունը, նախ՝ հայտարարեց, թե դա հանճարեղ անհեթեթություն էր, ու կարծիք հայտնեց, թե՝ նաե՛ւ դրանով ՀԱԿ-ն ապացուցեց, որ չունի երկարաժամկետ ռազմավարություն եւ քաղաքական սկզբունքայնություն ու պահի ազդեցության տակ, ելնելով կոնյունկտուրայից, կարող է նույնիսկ իր համախոհների համար անակնկալ ու վիճահարույց լուծումներ առաջարկել:
Մասիս Այվազյանի դիտարկմամբ՝ Կոնգրեսը քաղաքական որեւէ հստակ ուղեգիծ չունենալով՝ պատրաստ է ոչ միայն ցանկացած քաղաքական համախմբման, այլեւ տարանջատման, միայն թե դրանով կարողանա կարճաժամկետ խնդիրներ լուծել, ինչպիսին կարող է լինել ԱԺ-ում Կոնգրեսի ղեկավար շրջանակներից մի քանիսի ներկայացված լինելը:
«Այդպիսի հայտարարություններով, իհարկե, հասարակությանը մոլորեցնել հնարավոր չէ: Մյուս կողմից՝ դա բարեբախտություն է այն իմաստով, որ քաղաքական դաշտում հստակություն կմտնի եւ պարզ կդառնա՝ ով ուր է գնում»,- նկատեց ազատ- դեմոկրատը՝ հավելելով. «Ե՛վ ՀՀԿ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՕԵԿ-ը մեզ համար նույնն են եւ անցած ավելի քան երեք տարիների համար կրում են մեր երկրում տեղի ունեցածի քաղաքական ողջ պատասխանատվությունը»:
Հիշեցնենք, որ Մասիս Այվազյանը ՀԱԿ-ին մաս կազմող ՀՀՇ վարչության նախկին անդամ էր, որը, ի թիվս ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի եւ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի եւ վարչության այլ անդամների, ավելի քան մեկ տարի առաջ կուսակցությունից հեռացավ: