Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մեսի՞ջ էր ուղարկել իր զինակիցներին

Նոյեմբեր 30,2011 17:23

Նախորդ շաբաթվա ամենակարեւոր քաղաքական քննարկումները, թերեւս, երկուսն էին` ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այդքան կոպիտ պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանի բավականին զուսպ եւ անմեղ նամակին, եւ ի՞նչ պատասխան կտա Գագիկ Ծառուկյանը` Լեւոն Տեր-Պետրոսյանի բավականին թափանցիկ առաջարկին:

Մինչ Գագիկ Ծառուկյանը մտածում է պատասխանի շուրջ` մեր որոշ աղբյուրներ պնդում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ Սերժ Սարգսյանի դրսեւորած վարքագիծն ունի հստակ պատճառներ: Այսպես, ըստ մեր զրուցակցի` բացառվում է, որ պարոն նախագահի ագրեսիվ տոնը կապված լիներ այն բանի հետ, որ հարցը հանպատրաստից էր հնչել եւ պատասխանի վրա մտածելու ժամանակ Սերժ Սարգսյանն ուղղակի չունեցավ. «Այդպես կարծողները հավանաբար տեղյակ չեն, որ հարցերը նախօրոք պայմանավորվում են նախագահի աշխատակազմի հետ»: Մեր հարցին` այդ դեպքում ո՞րն էր նման պատասխանի պատճառը, ի՞նչը պիտի դրդեր Սերժ Սարգսյանին այդքան կտրուկ լինել, զրուցակիցս պատասխանեց. «Կա տեսակետ, որ դրանով Սերժ Սարգսյանը հանրայնորեն հրահանգ իջեցրեց ենթականերին, որ այս ոճով է պետք խոսել ընդդիմադիրների եւ «ոչ սրտացավների» հետ»:

Ավելին, մեր զրուցակիցն արեց հետեւյալ հեռուն գնացող կանխատեսում- վերլուծությունը. «Քաղաքական դաշտը գնալով թափանցիկ է դառնում. Կոալիցիոն հուշագրով ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը արդեն հայտարարել են Սերժ Սարգսյանին սատարելու պատրաստակամության մասին, այս եռյակին կմիանան եւս մի շարք մանր-մունր ուժեր ու քաղաքական գործիչներ: Լեւոն Տեր-Պետրոսյանը վաղուց հայտարարել է, որ այլեւս չի լինելու նախագահի թեկնածու, եթե Ռոբերտ Քոչարյանը չառաջադրվի, իսկ Քոչարյանի առաջադրումը գրեթե անհավանական եմ համարում, ապա ՀԱԿ-ը չունի այլ, լուրջ նախագահացու, այս պարագայում մնում է անել մի եզրակացություն՝ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին իր կոշտ պատասխանով դաշտում նկատել է տալիս 2013թ.-ի իր մրցակցին: Պատահական չէ, որ պալատական սոցիոլոգներն ու քաղտեխնոլոգներն իրենց բոլոր հաշվարկներով «Ժառանգությանը» դուրս են թողնում հաջորդ գումարման ԱԺ-ից, այս քաղաքականությունն ուղղված է 2013-ին ընդառաջ, որ հանրությանը ցույց տան, որ Րաֆֆին չկարողացավ անգամ ԱԺ մտնել` էլ ուր մնաց նախագահի այլընտրանքային թեկնածու լինելու գաղափարը»:

Թե որքանով են ճիշտ մեր զրուցակցի կանխատեսումները` ցույց կտա ժամանակը: Սակայն, ակնհայտորեն նա չի սխալվել մի բանում` նախագահի պատասխանն իրոք մեսիջ էր: Դրանում կարելի էր համոզվել հենց այսօր Ազգային ժողովում տեղի ունեցածի օրինակով, երբ ՀՀԿ-ական պատգամավորն իրեն թույլ տվեց անշնորհք պահվածք «Ժառանգության» պատգամավորի հանդեպ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930