Լրահոս
Օրվա լրահոսը

Զուգարանում թուղթ չկար, դրա համա՞ր էին փակել կաթի արտադրամասը

Նոյեմբեր 30,2011 16:21

Երեկ «Արմֆուդ» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով, որ  ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընկերությունում իրականացված ստուգումը պարզապես «շինծու գործ է»: Այսօր այդ առնչությամբ ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը «Պոստ սկրիպտում» ակումբում լրագրողներին պարզաբանում տվեց. «Կաթը, որը փորձաքննության է ենթարկվել մեզ մոտ եւ այլ լաբորատորիաներում, եղել են ոչ բացասական ցուցանիշներով պատասխաններ: Մեր լաբորատորիայում ստուգելուց հետո, առաջին նմուշում դրական է եղել: Ամսի 7-ի նմուշ էլ ունենք, որտեղ էլի աղիքային ցուպիկի շեղում է եղել եւ աղտոտվածություն է հայտնաբերվել: Ամսի 14-ին ներկայացված եւս 2 նմուշներից մեկը համապատասխանել է չափանիշներին, մյուսը՝ ոչ»:

Պարոն Պիպոյանի վստահեցմամբ՝ «Արմֆուդում» եւս մի քանի շեղումներ են հայտնաբերել. կաթի արտադրամասի տարածքը եղել է անբարեկարգ, մյուս ապրանքատեսակները չեն ունեցել համապատասխան սերտիֆիկատ եւ տեխնիկական պայմաններ, մուտքը անմիջապես դրսից էր՝ չկար նախամուտք, չունի լաբորատորիա եւ մեկ այլ լաբորատորիայի հետ էլ պայմանագիր չունի եւ այլն:

Aravot.am-ը զրուցեց նաեւ «Արմֆուդի» սեփականատիրոջ՝ Բորիս Սողոմոնյանի հետ, որն այս մեղադրանքներին ամենեւին էլ դեմ չէր, սակայն համաձայն չէր, որ հենց իր արտադրած այծի կաթի մեջ են հայտնաբերել ստաֆիլակոկ. «Ես չեմ ընդունում, որ դա մեր կաթն է եղել: Կեղծված կաթ է եղել: 5 անգամ ստուգել եմ տվել, ստաֆիլակոկ չի եղել: Նույնիսկ անասուններին եմ ստուգել տվել, ոչ մի բան չեն հայտնաբերել: Ինչո՞ւ նույն օրը չեն եկել արտադրամաս, կամ էլ զանգեին ասեին՝ սենց բան կա, մի շիշ կաթ բեր համեմատենք ու ստուգենք: Բա էդ ինչո՞ւ մյուս ապրանքներում, օրինակ՝ մածունում ոչինչ չեն հայտնաբերելԻսկ էն, որ հայտնաբերել են, ասենք, զուգարանում թուղթ չկա, դա չի նշանակում, որ պիտի արտադրամասը փակեն»:

Մեր զրույցում պարոն Սողոմոնյանը ասաց, որ փորձելու է այս խնդիրը դատական կարգով լուծել, սակայն մինչ օրս ծառայությունը ստուգման ակտը չի տրամադրել ընկերությանը: Ինչ վերաբերում է ծառայության այն հայտարարությանը, թե «Արմֆուդի» գործունեությունը կասեցվել է, եւ վերոնշյալ թերությունները վերացնելու դեպքում նորից թույլ կտան աշխատի՝ ընկերության սեփականատերն ասաց, որ ճիշտ է, այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ է կատարում, սակայն 1 ամիս չաշխատելով, լուրջ վնասներ է կրել. «Մենք այնպես էինք անում, որ անասունները կաթ քիչ տան, քանի որ չէինք կարող իրացնել, էդպես էլ անասունների կաթը հետ գնաց ու հիմա ցամաքել է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930