Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում ասել է, որ իր երկրորդ մասնագիտությունը երաժշտությունն է. «Ասպիրանտուրայում սովորելու տարիներին երկար ժամանակ վաստակում էի երաժշտությամբ` աշխատելով Պարոնյանի անվան թատրոնի նվագախմբում: Թեեւ երաժշտական կրթություն չունեմ, բայց վիրտուոզաբար նվագել եմ բլյուզ: Կառավարություն գալուն պես թողեցի, բայց միշտ սիրել եմ եւ միշտ մտածել եմ, թե երբ պետք է վերադառնամ դեպի երաժշտություն: Վերջերս, երբ ազատ ժամանակ ունեցա, սկսեցի պարապել: Youtube-ում տեղադրված երեք հոլովակներից երկուսում նվագում եմ իմ սեփական ստեղծագործությունները, այդ թվում` Midnight Blues-ը: Ունեմ հեղինակած շուրջ 15 գործեր եւ շատ եմ ուզում ալբոմ թողարկել: Դա կլինի արդեն անսամբլի հետ, եւ ես արդեն կատարել եմ գործիքավորումը: Իհարկե, ներկա պահին հիմնական մասնագիտությունս տնտեսագիտությունն է, բայց կարծում եմ, մարդկային կյանքը բավական է գոնե երկու գործում պրոֆեսիոնալ լինելու համար»: