Այնպես էր ստացվել, որ ինձ մոտ էին հավաքվել 1965-ից հետո Մորդովիայի ճամբարներում հայ քաղբանտարկյալների կողմից բաժանորդագրված ու պահպանված թերթեր, ամսագրեր ու հանդեսներ, նաև մի քանի գիրք:
Ես ձեռնարկեցի գաղութին խիստ անհարիր մի աշխատանք. հայկական գրադարանի ստեղծումը: Այդ գործում ինձ օգնեց Անդրանիկ Մարգարյանը: Մի քանի ամիս ամեն օր աշխատանքից հետո և կիրակի օրերին սուզվում էինք մեր ձեռքի տակ եղած գրականության մեջ, ընտրում ամենաարժեքավորները: Մենք, կարելի է ասել, մատենագիտական լուրջ աշխատանք արեցինք: Ստեղծվեց ըստ ոլորտներրի դասակարգված մեր <<ճամբարային գրադարանը>>, որի նյութերից մեկի հետ ես <<անձնական մտերմություն>> ունեի և գուցե ոչ օբյեկտիվորեն այն համարում էի մեր ամենաարժեքավոր գրադարանային միավորը: Դա Համո Սահյանի խմբագրած վերջին <<Գրական թերթն>> էր, որտեղ Չարենցի ծննդյան 70 ամյակի կապակցությամբ` 1967թ. հունվարի 13-ին, տպագրված էր նկարչուհի Ռեգինա Ղազարյանի փրկած չարենցյան մասնունքներից <<N.S.-ի հիշատակին>> անտիպ պոեմից մի հատված:
Բայց <<բանտային գրադարանն>> էլ բանտարկյալի պես ստիպված էր ենթարկվել ամեն տեսակ ալեբախումների ու հարկադրանքի: Մեզ հերթական անգամ անսպասելի տեղափոխեցին: Մորդովիայից Ուրալ մեկնելիս մեզ հետ տարանք մեր գրադարանի մի մասը: Իսկ երբ հինգ ամիս անց ինձ Պերմից նորից բերեցին Մորդովիա, ես կարողացա իմ տարածից միայն որոշ բաներ հետ բերել: Իմ գրադարանն էլ ինձ հետ տարուբերվում ու մաշվում էր:
Երկու տարի անց, բուռն իրադարձություններից հետո, ինձ տարան հիվանդանոց, հետո Երևանի բանտ, հետո կրկին Ուրալ` Պերմ: Մեկնելիս ես չհասցրի իրերս վերցնել, և իմ գրադարանը մնաց Մորդովիայում:
Այդ ընթացքում մորդովական մի ճամբարից իմ ճամբար էին տեղափոխել Պարույր Հայրիկյանին, և այն ամենը, ինչ թողել էի, տվել էին նրան: Բայց որոշ ժամանակ անց Պարույրին այդտեղից նույնպես տեղափոխել էին, այս անգամ` դեպի Պերմ: Այդ ժամանակ էր, որ նրանից ստացա այս նամակը. <<Քո արխիվի մի մասը ես վերցրի ինձ հետ, իսկ մնացածը ստիպված եղա թողնել: Եթե այնտեղ որևէ արժեքավոր բան կար, ներիր: Ես ամենը նայեցի, բայց բոլորը վերցնելն ուժերիցս վեր էր և վերցրի միայն այն, ինչ թվաց հատուկ արժեքավոր: Նույնիսկ ստիպված եղա իմ գրքերի մի մասը թողնել…>>:
Հատուկ արժեքավոր իրերս ստացա աքսորավայրում: Պարույրը ոչինչ չգիտեր իմ <<չարենցյան մաքառումների>> մասին, բայց ուրախությամբ տեսա, որ նրա ընտրած իրերի մեջ էր <<N.S.>>-ը` ինձ անկումից փրկած, ինձ հետ կալանավայրից կալանավայր, աքսորավայրից աքսորավայր դեգերած << N.S.>>-ը:
Պատժիս սահմանված ժամկետը լրանալուց հետո, ես` <<առանձնապես վտանգավոր պետական հանցագործս>>, Չարենցի կամ, թող Չարենցը ների, ի’մ <<N.S.>>-ի հետ միասին վերադարձա Հայաստան: Առաջին իսկ հարմար պահին պոեմը տպագրության հանձնեցի <<Անկախություն>> թերթում: Իսկ 2008թ. Չարենցի տուն-թանգարանում մեր գրականության <<էյֆելյան աշտարակին>> նվիրված միջոցառման ժամանակ Անահիտ Չարենցի զարմացած, հուզված, հիացական հայացքի առաջ պատմեցի այս պատմությունը ու թերթը նվիրեցի տուն-թանգարանին:
Ինձ հետ ու ինձ պես օտար ափերում թափառած իմ << N.S.>>-ը գտավ իր վերջին հանգրվանը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Չարենցի այս պոեմը ամբողջական` <<Որպես գորշ դեղին տերևներ>> վերնագրով տպագրվեց նրա ստեղծագործությունների <<Նորահայտ էջեր>> գրքում`գրականագետ Դավիթ Գասպարյանի աշխատասիրությամբ:
Ռազմիկ Մարկոսյան