Հատվածներ Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանի՝ «Երկիր»-ին տված հարցազրույցից:
– Պարո’ն Վարդանյան, իրեն ԲՀԿ Գառնու տարածքային կառույցի ղեկավար համարող Սուրիկ Հակոբյանը երեկ թերթերից մեկին ասել է, որ իրեն հեռացրել են այդ պաշտոնից եւ տեղը ուրիշ մարդ դրել:
– Տենց բան չկա: Հենց սկզբից` կուսակցության ստեղծման օրվանից ես եմ եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի տարածքային նախագահը: Դա միշտ էլ տենց ա եղել, Սուրիկը երբեք չի եղել խորհրդի նախագահ:
– Ի՞նչ է եղել այդ դեպքում:
Կարդացեք նաև
– Մասնակից ա եղել, կուսակցության անդամ ա եղել, բայց խորհրդի նախագահ երբեք չի եղել Գառնիում:
– Մամուլում, որպես կառույցի ղեկավար, մշտապես նրա անունն է նշվել: Դա Ձեզ երբեւէ չի՞ անհանգստացրել:
– Մենք թերթեր-բաներ չենք ստանում Գառնիում… Ես իրան ասել եմ, տենց էլ ասել եմ` հոպար ջան, դու խորհրդի նախագահ չես, խորհրդի անդամ ես, կուսակցության անդամ ես: Ինքն էլ հասկացել ա:
– Ե՞րբ եք նրան այդ մասին ասել:
-Իրա հետ ես խոսել եմ մի շաբաթ առաջ:
– Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք խոսել:
-Ինքը, որ միշտ ասում էր, ես էլ ասում էի` չէ, այ հարազատ ջան, տենց բան չկա, դու խորհրդի անդամ ես, ոչ թե նախագահ: Անդամությունը, նախագահն ուրիշ բան ա:
-Այսինքն` նա ինքնակո՞չ է:
– Ակտիվ անդամ ա, կուսակցության անդամ ա:
-Բայց իրեն համարում էր կառույցի ղեկավար, չէ՞:
-Ես չգիտեմ, մեծ մարդ ա, 85 տարեկան մարդ ա, ես շա՞տ գիտեմ ինչի համար ա տենց հայտարարություն արել:
– Իսկ երբ նրան հասկացրիք, որ կառույցի ղեկավար չէ, ինչպե՞ս արձագանքեց:
– Ասավ` դե ես հիմա խորհրդի անդամ եմ, թե խորհրդի նախագահ, ի՞նչ տարբերություն: Բայց դե նախագահն ուրիշ ա, անդամը` ուրիշ: Դե, հիմա լեզվի սայթաքում ա ստացվել, ի՞նչ անեմ, մեծ մարդ ա:
– Այսինքն` այսքան տարի իրեն կառույցի ղեկավար ներկայացնելը լեզվի սայթաքո՞ւմ եք համարում:
– Սուրիկը չի պատկերացնում` խորհրդի նախագահն ինչ ա, խորհրդի անդամն ինչ ա:
– Իսկ ինչպե՞ս կմենաբանեք նրա հայտարարությունը, որ իրեն հեռացրել են պաշտոնից: Նա, ի դեպ, ասել է, որ երեւի հաշվի են առել, որ ինքը ազգի դավաճան է:
– Ոչ, տենց բան չի եղել: Տենց արտահայտություն էլ հնարավոր չի, որ արած լինի Սուրիկը, հնարավոր չի… Ինչի՞ համար է տենց արտահայտություն արել, չգիտեմ:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ «Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը՝ հայտնի բանդայի գործով ձերբակալված և հանցախմբի պարագլուխ որակված Արտյուշա Հակոբյանի հայրը, այլևս Գառնու ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը չէ: Այս մասին թերթին հայտնել է ինքը: «Հիմա ինձ փոխել են՝ ուրիշ մարդ են դրել ղեկավար»,- մանրամասներ չհայտնելով՝ ասել է Սուրիկ Հակոբյանը և հավելել. «Դե, երևի հաշվի առնելով, որ ես դավաճան եմ՝ հայրենիքի…»: