Շուտով սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ կսկսի «Մուլտի ագրոյի» մաս կազմող կաթնամթերքի արտադրամասում: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնեց ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը: Նրա ներկայացմամբ՝ մինչեւ տարեվերջ ստուգվելու են անխտիր բոլոր այն ընկերությունները, որոնք զբաղվում են կաթ-կաթնամթերքի արտադրությամբ. «Եթե «Մուլտի ագրոն» կաթնամթերք է արտադրում, ապա միանշանակ կստուգվի»:
Պարոն Պիպոյանի խոսքերով, արդեն ավարտվել են ստուգումները «Թամարա», «Անի» եւ «Աշտարակ-կաթ» ընկերություններում. «Անվտանգության, մանրէաբանական ցուցանիշների նկատմամբ շեղումներ չկային, բայց կային փաստաթղթային շեղումներ: Իսկ «Թամարայի», եթե չեմ սխալվում, թանում կաթի փոշու առկայություն է հայտնաբերվել»: Ըստ պարոն Պիպոյանի, այս 3 ընկերությունները տուգանվել են 200-հազարական դրամով:
«Եթե ՀՀ օրենքով նախատեսված խախտում կա, անպայման լինելու է օր, որ կլինի նաեւ դրա խախտողը: Նույնիսկ համաշխարհային բրենդերն են խախտում անում, օրինակ՝ «Նեսթլեն»,-խանդավառված ավելացրեց պարոն Պիպոյանը՝ ավարտելով խախտումների մասին թեման:
Իսկ հարցին, թե ո՞ր կաթնամթերքն է ավելի անվտանգ, պարոն Պիպոյանը պատասխանեց, որ նշված ընկերություններում անվտանգության խախտումներ չեն եղել. «Ինքս վստահ եմ, որ նույն սոդան կամ կրախմալը, ոնց էլ լինի՝ մյուս ընկերություններում կհանդիպենք»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ