Այսօր կեսօրին Եվրոպական միության պատվիրակության Երեւանի նստավայրում հանրությանը ներկայացվեց Սյունիքի մարզի Սիսիան եւ Գորիս քաղաքներում իրականացված «Ես գնահատում եմ» ուսումնասիրության արդյունքները եւ փաստվեց ցավալի իրողություն. Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը, որի բյուջեի 80 եւ ավելի տոկոսը պետական դոտացիան է, կախվածության մեջ է պետությունից՝ մասնավորաբար գործադիր իշխանությունից: Գործադիրից ներկա էր միայն Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը, որը համաձայն էր գնահատականին:
«Ես գնահատում եմ» ուսումնասիրությունը իրականացրել է «Տեղական ինքնակառավարման տեղեկատվական կենտրոն» հ/կ-ն՝ Եվրամիության տրամադրած 6500 եվրոյով «Աջակցություն կառավարման ապակենտրոնացմանը եւ ժողովրդավարացմանը» ծրագրով: Այս տարվա հունիս-հոկտեմբերին հարցվել է Գորիսի եւ Սիսիանի 200 բնակիչ, ուսումնասիրվել են քաղաքապետարանների պաշտոնական կայքերը, տեղեկատվություն հասցնելու համայնքային միջոցների առկայությունն ու այլ գործոններ:
Ընդամենը մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 1-ին, երբ նշվում էր Հայաստանում ՏԻՄ ձեւավորման 15- ամյակը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հայտարարեց. «Մեր նպատակն է ունենալ առավել կենսունակ, խոշոր ու ֆինանսապես կայուն համայնքներ, տեղական մակարդակում թափանցիկ եւ արդար կառավարում, հասնել նրան, որ բնակչությունն իր կենսագործունեության համար առաջնային խնդիրները կարողանա լուծել տեղերում` տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործակցաբար: Տասնհինգամյա համակարգի ապագայի մեր տեսլականն է` ունենալ ընդլայնված հնարավորություններով, սակայն մեծ պատասխանատվությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք նաեւ պատշաճ որակի հանրային ծառայություններ կապահովեն»: Իսկ այսօր «Տեղական ինքնակառավարման տեղեկատվական կենտրոն» հ/կ նախագահ Արեւիկ Հարությունյանն ասաց, թե ինչքան էլ ՏԻՄ ղեկավարները հայտարարեն, որ կախված չեն՝ մի հավատացեք:
Դիտարկված Գորիսում համայնքի 350 միլիոն դրամ բյուջեի 280 միլիոնը պետական դոտացիան է, Սիսիանում 255 միլիոնից 201 միլիոնն է պետության տվածը: Սրա արդյունքում մեծանում է մարզպետարանի դերը: Գորիսում մեծ հեղինակություն ունի ծնունդով գորիսեցի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որն աղմկոտ պատմություններից անբաժան է:
Կարդացեք նաև
Եվրամիության Հայաստանի պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Ժան-Քրիստոֆ Գերանդն ասաց, որ ապակենտրոնացված կառավարումը կարող է ակտիվացնել քաղաքացիական հասարակությանը ու հզորացնել ՏԻՄ-երը: Մյուս բանախոսները եւս կոչ արեցին ակտիվ լինել դոնոր կազմակերպությունների հետ, ինքնուրույնություն ապահովելու համար:
Սիսիանի եւ Գորիսի քաղաքապետերը ոչ բոլոր դիտարկումների հետ էին համաձայն: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն ասաց, որ մեղավոր են սիսիանցիները, քաղաքացիական հասարակությունը, որ պասիվ են եւ ներդրողները, որ…պասիվ են: Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանն էլ ասաց, որ մարդկանց մտածողության մեջ բան չի փոխվել. 15 տարի է՝ ՏԻՄ-ը կա, բայց մարդիկ քաղաքապետարանին դեռ անվանում են քաղսովետ:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ