Շախմատի Հայաստանի այս տարվա չեմպիոնուհի, միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը Խարկովում անցկացված նահանգապետի գավաթի խաղարկությունում 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ եզրափակեց առաջատարների եռյակը: Նրանից կես միավոր ավելի վաստակեց եւ երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը ներկայացնող Ալինա Բալայանը: Իսկ 7,5 միավորով հաղթող դարձավ տանտիրուհիներից՝ Իրինա Անդրենկոն:
Սիրանուշ Անդրիասյանը երկար ժամանակ մրցումների չէր մասնակցում: «Առավոտը» ժամանակին ընթերցողներին տեղեկացրել է, որ նա գարնանն ամուսնացել է ուկրաինաբնակ հայ շախմատիստուհի Եվգենիա Դոլուխանովայի մորաքրոջ տղայի՝ 1-ին կարգային Միխայիլ Դավիդյանի հետ եւ տեղափոխվել Խարկով:
Հայաստանի չեմպիոնուհու հայտնվելն այս մրցաշարում ինչ-որ չափով անակնկալ էր նրա խաղի երկրպագուների համար, ուստի որոշեցինք հետաքրքրվել Սիրանուշի անձնական կյանքով: Նրա մտերիմ ընկերուհի, Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի փոխանցմամբ, Սիրանուշն իրեն երջանիկ է զգում ընտանիքում եւ եկող տարվա հունվար-փետրվարին արու զավակ է լույս աշխարհ բերելու: «Որքան տեղյակ եմ, երեխային տալու են Միխայիլի հոր՝ Ալեքսանդրի կամ այլ անուն: Բայց հաստատ ասել չեմ կարող: Օրը գա՝ բարին հետը»,- ասաց Լիլիթ Մկրտչյանը: Ի դեպ, Լիլիթը Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմում դեկտեմբերի 17-ին մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու մարզաձեւի աշխարհի կանանց թիմային առաջնությանը: Aravot.am-ն այս մասին նույնպես իրազեկել է շախմատասերներին՝ տեղեկացնելով, որ կազմակերպիչները, որ մի քանի երկրների հնարավոր հրաժարվելու պատճառով հայտնվել են աշխարհի առաջնությունը ձախողելու վտանգի առջեւ, ՖԻԴԵ-ի միջոցով փորձում են խույս տալ խայտառակությունից՝ հրավիրելով Հայաստանի կանանց հավաքականին: Եվ վերջում. երեկ Հայաստանի շախմատային ֆեդերացիայից պաշտոնապես ասացին, որ մեր կանանց ընտրանին անկախ ամեն ինչից մեկնում է Թուրքիա եւ նրա մասնակցելուն խանգարող ոչ մի հանգամանք չկա:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ