Կարեն Անդրեասյանը մեկնաբանում է հանրահավաքի օրը մարդկանց տեղաշարժվելու իրավունքի ոտնահարումներից հետո իր լռությունը:
Այսօր «Ուրբաթ» ակումբի հյուրը ՄԻՊ Կարեն Անդրեասյանն էր: Aravot.am-ը պարոն Անդրեասյանից հետաքրքրվեց՝ հանրահավաքի օրը ոտնահարվեցին մարդկանց տեղաշարժվելու իրավունքները, ինչի մասին մամուլում հրապարակումներ եղան, ինչո՞ւ չարձագանքեցիք. «Ես բազմիցս ասել եմ եւ նորից կրկնում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ստանա գոնե 1 ահազանգ, չկա որեւէ ահազանգ»: Մեր հարցին՝ մամուլի հրապարակումն ահազանգ չէ՞՝ ՄԻՊ-ը պատասխանեց. «Մամուլի հրապարակումն ինձ համար ահազանգ չէ, ահազանգ է իմ դիմումը, ինձ կարող են զանգահարել 116 համարով: Եթե որեւէ մարդ գտնում է, որ ունի խնդիր, բայց չի ցանկանում նույնիսկ հավաքել անվճար 116 համարը՝ ինձ համար այդ գործը գոյություն չունի, բացառությամբ որոշ դեպքերի՝ եթե մարդն ի վիճակի չէ հավաքել, հաշմանդամ է, կամ առողջական, հոգեկան կամ նյութական այնպիսի վիճակում է, որ հնարավորություն չունի ինձ դիմելու»: Մենք նորից փոձեցինք ճշտել՝ պարոն Անդրեասյանի համար մամուլի հրապարակումը առ ոչի՞նչ է. «Դուք հիմա փորձում եք իմ խոսքը այլափոխել: Մամուլի հրապարակումը ինձ համար գործի վարույթ սկսելու հիմք չէ: Ինձ համար մամուլի հրապարակումը կարեւոր ինֆորմացիայի աղբյուր է, ես դրանով որոշակի խնդիրների մասին պատկերացում եմ կազմում: Իսկ վարույթ հարուցելու համար ինձ ընդամենը պետք է 1 հեռախոսազանգ՝ 116 համարին»:
Ավելի ուշ՝ ասուլիսից հետո ՄԻՊ-ը վստահեցրեց, որ ինքը հարցը սխալ է հասկացել, իրականում ինքը հանրահավաքի օրը 3 բողոք է ստացել, որ Աբովյան-Երեւան երթուղու 267, 261, 259 համարի ավտոբուսներն ու միկրոավտոբուսները սպասարկել են ուղեւորներին միակողմանի՝ Երեւան-Աբովյան ուղղությամբ. «Երբ առաջին ահազանգը եղավ, մենք գրություն գրեցինք տրանսպորտի եւ կապի նախարարություն, անմիջապես եկավ պատասխան, որ իսկապես դա տեղի է ունեցել, իրենք նախազգուշացում են արել, դրա հետ կապված արեցի հայտարարություն: Հետո «Ա1+»-ից ստացա գրավոր դիմում ու զանգ, դարձյալ ճշտվեց, որ ահազանգը տեղին էր, մենք ֆիքսել ենք, որ երթուղին միակողմանի է աշխատել եւ դիմել ենք համապատասխան մարմին՝ պարզաբանում ստանալու համար: Հիմա սպասում ենք նախարարության պատասխանին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ