Լրահոս
Օրվա լրահոսը

Խուսափեք խանդի զառանցանքից

Նոյեմբեր 30,2011 13:19

Խանդոտ մարդն ունակ է ստեղծելու ֆանտաստիկ պատկերացումներ, որոնք կապ չունեն իրականության հետ

«Խանդոտ մարդը դիմացինի մեջ տեսնում է այն, ինչի բացակայությունը չի ուզում նկատել սեփական «ես»-ի մեջ: Մի քիչ խանդոտ լինելը նորմալ է, բայց դրան եւս սահման կա, որը խախտել չի կարելի: Խանդը չունի տարիք, սեռ: Հիմնականում այն ի հայտ է գալիս ընկերոջը, սիրելիին կորցնելու մտավախությունից: Թեթեւ խանդը կարող է խթան հանդիսանալ ամուսնական կյանքում եւ նոր երանգ մտցնել զույգի հարաբերություններում, որը իհարկե միապաղաղ կյանքի դեմ պայքարելու լավագույն միջոց է, եւ վերջապես նորից թարմացնել սիրո զգացումը: Երբեմն էլ ուժեղ խանդը կարող է մեծ բեռ հանդիսանալ ամուսնական կյանքում, ինչը ոչ մի դեպքում չի խրախուսվում»,- ասում է հոգեբան Ինգա Մուկուչյանը՝ խոսելով մարդկանց միջեւ հարկի եւ անհարկի առաջացող խանդի զգացումի մասին:

Երբ ընտանիքում խանդում է ե՛ւ տղամարդը, ե՛ւ կինը, ու այն էլ ուժեղ՝ այդպիսի ընտանիքներում հաստատ ամուսիններից գոնե մեկի համար ընտանեկան կյանքը դառնում է դժոխք:

«Չհիմնավորված խանդը հանդիպում է անվստահ, կասկածամիտ եւ հիստերիկ անձնավորությունների մոտ: Ինչքան էլ ամուսինը այդպիսի կնոջը շատ ուշադրություն դարձնի, միեւնույն է՝ նրանց համար դա քիչ է լինում, նրանք միշտ ուզում են գտնվել ուշադրության կենտրոնում, եւ միշտ թվում է, թե ոտնահարվում են իրենց իրավունքները, ինքնասիրությունը: Այդպիսի վերաբերմունքը, իհարկե, փոփոխում է ընտանեկան հարաբերությունները, բնականաբար՝ բացասական իմաստով»,- մեկնաբանում է հոգեբանը:

Հոգեբուժության մեջ գոյություն ունի «խանդի զառանցանք» հասկացությունը: Այն կարող է հանդիպել ինչպես որոշակի բնավորության գծերի շեշտվածության, այնպես էլ հոգեկան հիվանդությունների, խրոնիկական ալկոհոլիզմի ժամանակ: Սակայն խանդի զգացումը արտահայտվում է ոչ միայն ընտանեկան հարաբերություններում. եթե մարդը խանդոտ է, ապա խանդում է իր սիրելիներին ամբողջ աշխարհի հանդեպ:

«Չափից շատ խանդոտ մարդը ֆանտաստիկ պատկերացումներ է ստեղծում, որոնք կապ չունեն իրականության հետ: Խանդի տեսարաններ ստեղծելը բնորոշ է իռացիոնալ մարդկանց, նրանց մեջ կարող են լինել նաեւ արվեստագետներ: Երբ մարդն ուժեղ կապվում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, դա լինի առարկա, որը թանկ է նրա համար, թե մարդ, որին նա քնքշորեն սիրում է, փայփայում, հաճախ սկսում է զգուշանալ եւ վախենալ, որ կարող է զրկվել նրանից, ինչն իրեն դժվար է բաժին հասել: Իսկ ընդհանրապես խանդը տառապանք է, որտեղ մարդն իրեն միայնակ է զգում»,- նշում է հոգեբանը:

Բժշկական հետազոտությունները պարզել են, որ խանդ առաջանում է նույնիսկ փոքրիկների մոտ՝ սիրելիների, հատկապես մայրերի նկատմամբ:

Կա մարդկանց տեսակ, որոնք ասում են, որ բացարձակապես խանդի զգացում չունեն: Նրանց համար գրեթե միեւույնն է, որ իրենց կողակիցը հաճախ իրենց կողքին չէ կամ ուշ է տուն վերադառնում եւ այլն: Հոգեբանի մեկնաբանմամբ՝ սա մի դեպքում կարող է լինել անտարբերություն կողակցի նկատմամբ, որի հիմքում հնարավոր է հոգեբանական պաշտպանվածությունն է՝ ավելորդ տեղը չհուզվելու համար. «Մեր իրականությունում հաճախ կինը կարող է նյութական կախվածության մեջ լինել ամուսնուց եւ չուզենալով կորցնել այդ կարգավիճակը, աչքերը փակում է ամեն ինչի վրա: Մյուս դեպքում՝ ամուսիններից մեկը ապրում է անհոգ կյանքով եւ մտածում, որ իրավաբանորեն ամրագրված ամուսնական կյանքը բավարար է, որ իրեն չդավաճանեն: Երրորդ դեպքում էլ խանդի բացակայությունը կարող է կապված լինել ամուսիններից մեկի չափազանց ինքնավստահության հետ. երբ համարում են, որ իրենց այնքան են սիրում, որ պարզապես չեն կարող ուշադրություն դարձնել մեկ ուրիշի վրա»,- հավելեց Ի. Մուկուչյանը:

ՆԱԻՐԱ ՎԵՐԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930