Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունաստան մեկնած հույները Հայաստան չեն գա»

Նոյեմբեր 30,2011 13:16

Ասում է «Պոնտի» հունական համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Նիկոլաիդին

Ըստ «Պոնտի» հունական համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Նիկոլաիդիի՝ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում ապրող հույները ոչ միայն զրկված էին իրենց պատմական հայրենիքը գնալ-տեսնելու հնարավորությունից, այլեւ արդեն մոռացության էին մատնվում իրենց ազգային մշակույթն ու լեզուն, քանի որ արգելված էին անգամ հունական երգերի ձայնապնակները: «Հայաստանի անկախացումից հետո շատ բան փոխվեց: Մենք վերականգնեցինք կապերը մեր պատմական հայրենիքի հետ: 90-ական թվականներին այստեղ ստեղծվեցին հունական համայնքներ, որոնց միջոցով հայաստանաբնակ հույներս սկսեցինք մոռացումից փրկել մեր ազգային լեզուն, հնարավորություն ունեցանք շփվելու մեր ազգային արվեստի հետ: Կարողացանք այցելել մեր երկիրը: Այդ տարիներին Հունաստանն անգամ անվճար ինքնաթիռով էր հույներին տեղափոխում: Շատերը գնացին ու էլ չվերադարձան: Արդյունքում՝ համայնքը զգալիորեն փոքրացավ: Եթե այն ժամանակ Ալավերդիում, Ստեփանավանում գյուղեր կային բացառապես հույներով բնակեցված, ապա այսօր այդ գյուղերը դատարկվել են: Այսօր Երեւանում կա ընդամենը 615 հունական ծագումով ընտանիք, մի այդքան էլ՝ մարզերում: Հիմնականում մնացել են այն ընտանիքները, որտեղ ընտանիքի մայրն է հույն»,- ասաց մեր զրուցակիցը: Հույներն իրենց հանդեպ ազգային խտրականություն զգո՞ւմ են: «Այսքան տարիների ընթացքում ես եւ, առհասարակ, որեւէ հույն Հայաստանում մեզ օտար չենք զգացել, ազգային խտրականություն մեր հանդեպ չենք նկատել: Ընդհակառակը՝ երբ որեւէ տեղ իմացել են, որ հույն ենք, մեր խնդիրն ավելի արագ են լուծել: Այստեղ ապրել ենք հայերի հետ որպես եղբայրներ, ապրել նույն հոգսերով ու դժվարություններով, ինչով հայերը: Եվ կարծում եմ, թե ճիշտ է, որ Նոյի զավակներից մեկը ապրել է Հայաստանում, մյուսը գնացել է Հունաստան: Այստեղ կան հունական թեքումով մանկապարտեզ, դպրոց: Ունենք կիրակնօրյա դպրոց, որտեղ տարբեր տարիքային մարդկանց անվճար սովորեցնում ենք հունարեն, ծանոթացնում հունական արվեստին ու պատմությանը, անգամ հայերն են գալիս այդ դասընթացներին: Ուսուցիչներին վճարում է հունական պետությունը: Կազմակերպում ենք ազգային միջոցառումներ, ունենք լավ պարի խումբ եւ դասավանդում ենք դասական հունական պարեր: Հրավիրվում ենք նաեւ Հունաստանի դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառումներին»,- հավելեց նա: Իսկ ո՞րն է, ի վերջո, Հայաստանում ապրող հույների խնդիրը, պարոն Նիկոլաիդին պատասխանեց. «Մեր խնդիրը մեր ազգական-հարազատների պակասն է… Երբ որեւէ մեկս հիվանդանում է կամ դժբախտության մեջ ընկնում, ավելի շատ ենք զգում նրանց հոգեկան ջերմության ու մոտ լինելու  անհրաժեշտությունը, բարեկամ չկա, որ տիրություն անի, խնամի: Թեկուզ մի քաղցր խոսքով սփոփվելու կարիք ենք ունենում»:  «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է, որ Հունաստանում սկսած ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով այստեղից գնացած հույները նորից վերադառնան, «Պոնտիի» ղեկավարը նշեց. «Կարծում եմ՝ ոչ: Հունաստանում որքան էլ վատ  լինի, այնտեղ հանապազօրյա հացի խնդիր չկա, նրանք որքան էլ վատ ապրեն, այստեղից հաստատ լավ կլինի: Հունաստանում թոշակառուն ստանում է ավելի քան 300 եվրո, հայաստանցի թոշակառուն, լավագույն դեպքում՝ 34 հազար դրամ: Մինչդեռ գները նույնն են: Եթե Հունաստանում մարդիկ ասում են՝ վատ ենք, դա նշանակում է, որ չեն կարողանում իրենց շքեղություններ թույլ տալ: Հետեւաբար, դժվար թե որեւէ  հույն Հունաստանից վերադառնա»:

 ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930