Նոյեմբերի 29-ից ՀՀ նկարիչների միությունում բացվել է «Դեբեդի հովտի գույները» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը: Մասնակիցներին գրավել էր Դեբեդի հովիտը՝ իր բնաշխարհով, բնակավայրերով, մարդկանցով եւ հուշարձաններով: Ներկայացված էին 28 տարբեր ձեռագրեր ունեցող նկարիչների ստեղծագործություններ: Դրանցում գերիշխողը պայծառ ու լուսավոր գույներն են` իրենց նրբերանգներով: Ամեն մի նկարիչ ստեղծել էր Դեբեդի իր հովիտը` անկախ նրանից, թե ինչ է նկարել իր կտավում` պատմական Հաղպա՞տը (Գագիկ Ավետիսյան, Սրապիոն Դանիելյան), թե՞ Լոռվա ձորի բնապատկերներ (Հրանտ Թադեւոսյան, Վլադիմիր Գրիգորյան) կամ Դեբեդը՝ իր հոսանքի անկրկնելի դրսեւորումներով (Արմեն Հարությունյան, Լեմս Ներսիսյան):
«Լոռվա ձոր. Դեբեդի հովտի գույները» նկարչական փառատոնի օրերին ստեղծված աշխատանքների մեծ մասը ցուցադրվել է Վանաձորի պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ: «Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին` աշխատանքները պետք է ցուցադրվեն այնտեղ, որտեղ ստեղծվել են: Այլ խոսքով, առաջինը հենց տարածաշրջանի մարդիկ են ծանոթացել իրենց իսկ հարազատ վայրերի նկարչական անդրադարձներին: Իսկ երեւանյան ցուցադրությունը Դեբեդի հովտի ինքնատիպ գույների յուրովի ամփոփումն է…»,- ասաց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը:
ՄԱՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ