Էլինար Շահենը՝ աշուղական սիրավեպի մասին
Նոյեմբերի 22-29-ը Բալի կղզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ պետք է որոշվեր, թե 84 ազգային ավանդություններից որոնք են արժանի ընդգրկվելու «Ոչ նյութական ժառանգության» ցանկում եւ պահպանվելու սերունդների համար: Հայաստանը 2 հայտ էր ներկայացրել՝ Վարդավառը եւ Հայ աշուղական սիրավեպը: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, ադրբեջանցիները Բալիում դժգոհել էին, թե աշուղական սիրավեպը ադրբեջանական է: Նշենք, որ ՀՀ գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների եւ հայ երգեցողության ամբիոնը, Ջիվանու անվան դպրոցի աշուղագիտական կենտրոնը եւ այլ կազմակերպություններ ու անհատ աշուղագետներ հավաքագրել եւ հրապարակել են բազմաթիվ սիրավեպեր:
«Առավոտի» հետ զրույցում աշուղագետ Էլինար Շահենը մեջբերեց դեռեւս 1961թ. ապրիլի 27-28-ին Բաքվում կայացած աշուղների համագումարում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի 3-րդ քարտուղար Նազիմ Հաջիեւի ճառի եզրափակիչ խոսքերը. «Մեր ադրբեջանցի աշուղների ստեղծագործությունները եւ կատարողական արվեստը դեռ շատ թերություններ ունեն: Չնայած երգում են «Քյոր-օղլի», «Շահ Սանամ», «Լեյլի Մեջլուն», սակայն խոսքն ու եղանակը սխալ են կատարում: Այսուհետեւ միայն կոմունիստ աշուղներին պետք է տալ աշուղական գրքույկ, հետեւաբար միայն նրանք իրավունք կունենան համագումարներին մասնակցելու»: Տիկին Էլինարն ասաց՝ այս խոսքերից հետո մեկնաբանություններն ավելորդ են. «Նույն տրամաբանությամբ մենք էլ կարող էինք ասել, որ, օրինակ, եթե աշուղ Ալասքյարը ծնվել է Հայաստանում, ուրեմն հայ է»: Էլինար Շահենը նեղսրտեց. «Որքա՞ն կարելի է մանկամիտ տրամաբանությամբ այս անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպության առաջ հայտարարել, թե այս ծառն իմն է, այս սարն իմն է: Եվ եթե ադրբեջանցիներին հաջողվել է դա անել, ապա ես կուզեի խոսել ճանաչված կառույցում տվյալ խնդրին անծանոթ մասնագետների բացակայության կամ, գուցե, մշակութային կոռուպցիայի մասին»:
Սիրահար զույգերի անհասանելի կամ դժբախտ սիրո թեմատիկան դեռեւս վաղ անցյալից մինչ այսօր իր տեղն ունի համաշխարհային մշակույթի պատմության մեջ: Մեր զրուցակցին խնդրեցինք ներկայացնել հազարամյակների խորքից եկած հայ գուսանների ու գողթան երգիչների աշուղական սիրավեպը ու նման ասքերն ու երգապատումները: «Արտաշես եւ Սաթենիկ», «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ», «Դավիթ եւ Խանդութ»…… Սիրավեպի ժանրը փոխանցվել է մերօրյա աշուղներին, իսկ արեւելյան սիրավեպերը 17-19-րդ դարերում հորինվել են պարսկերեն, ապա նաեւ թուրքերեն: Դեռեւս 1227թ. Քարաման-օղլիների Իկոնյան աշխարհի սուլթան Սեմեդեդդին Մուհամեդ Առաջինը հրաման տվեց, որ պետական ատյաններում, ժողովարաններում, հավաքատեղիներում, հրապարակներում եւ այլուր, թուրքերենից բացի, ուրիշ լեզու գործածել չի թույլատրվում: Այս քաղաքականության շղարշը մեր օրերում էլ ծածկում է ժամանակակից Թուրքիայի երկնակամարը,- հայտնեց Էլինար Շահենը, շարունակելով,- ստեղծված ու տարածված աշուղական սիրավեպերը՝ «Ղարիբ եւ Շահ Սանամ», «Խոսրով եւ Շիրին», «Ֆահրադ եւ Շիրին» եւ այլն, պետք է հնչեին միայն թուրքերեն: Ճանաչված պարսիկ պոետներ, այդ թվում եւ ծնունդով Գանձակից Նիզամին, ում Ադրբեջանը համառորեն իրենն է համարում, այս պատումները բազմիցս «մշակել» ու սեփականել են: Միայն 19-րդ դարում, շնորհիվ մեծանուն Ջիվանու ու նրա գործընկերների, սիրավեպերը վերջապես թարգմանվել են հայերեն»: Իսկ թե ովքեր են ստեղծել դրանք, մեր զրուցակցի խոսքերով՝ հեղինակներն անհայտ են, սակայն սիրավեպերի հերոսների մեջ հանդիպում ենք ազգությամբ հայերի: Էլինար Շահենը մեջբերեց աշուղագետ, դոկտոր Շավիղ Գրիգորյանի խոսքը «Աշուղ Ղարիբ» սիրավեպի մասին. «Թուրքը ե՞րբ եւ իր ո՞ր հայրենիքից է արտաքսվել կամ օտար աշխարհ մեկնել, որ ղարիբ դառնար: Նույնիսկ հիմա էլ Ղարիբ անունով թուրք չես գտնի, իսկ հայ՝ որքան ուզեք»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ