Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թիկունքի վետերաններին հաշվի չեն առնում

Նոյեմբեր 30,2011 13:01

85-ամյա վետերան Արտաշես Նահապետյանը 20 տարի առաջ որպես ավանդ 5000 ռուբլի է ի պահ տվել «Հայխնայբանկին», որը հիմա գործող ավանդների վերադարձման ծրագրով չի կարողանում հետ ստանալ: Պատճառն այն է, որ նա Հայրենական մեծ պատերազմին անմիջական մասնակցություն չի ունեցել, այլ իր գործն արել է թիկունքում՝ կոլխոզում աշխատելով, ռազմամթերքներ ապահովելով ու այլ տարբեր աշխատանքներ կատարելով, ուստի չի ընդգրկվել ավանդների վերադարձման ծրագրի առաջնահերթ ստացողների ցանկում: Չնայած դրան, նրա կարգավիճակը հավասարեցված է պատերազմի մասնակցին եւ նա էլ ունի վետերանի կոչում: «Այն ժամանակ կանայք անգամ վերմակի միջի բուրդն էին հանում ու դա մշակելով՝ գուլպա գործում զինվորների համար: Մենք էլ ցորեն էինք աճեցնում եւ այլ աշխատանքներ անում այն կռվողների համար, որոնք հիմա լինելով վետերան, կարողացան ստանալ իրենց ավանդները, բայց ես եւ ինձ պես թվով 500 թիկունքի վետերան՝ ոչ: Եթե մենք չլինեինք, այդ կռվողները չէին կարողանա պատերազմել»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց Ա. Նահապետյանը: Նրա խոսքերով, իր գումարն այնքան էլ մեծ չի, ուստի պետությանը դժվար չի լինի հատկացնել. «Հիմա երեւի 10 հազար դրամ պետք է տան: Ես արդեն մեծ եմ, վատառողջ, 3 տարի առաջ ինսուլտ է ինձ խփել, ե՞րբ կկարողանան այդ գումարը տալ: Թիկունքի վետերաններից շատերն էլ արդեն մահացել են»: Նա իր դժգոհության մասին նամակներով դիմել է մի քանի գերատեսչություն՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ վարչապետին, Ավանդների վերադարձման հարցով զբաղվող «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին եւ այլն:
«Բոլոր տեղերից պատասխանել են, որ ես վետերան չեմ եւ չեմ կարող այդ ավանդը ստանալ: Դա ինձ ավելի շատ վիրավորեց: Մի՞թե այդ պաշտոնյաները տեղյակ չեն, որ թիկունքի վետերաններ էլ կան»,- նեղսրտած դժգոհեց Արտաշես Նահապետյանը:
Ա. Խ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930