Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թուրքիային օգնում են, իսկ իրենց քաղաքացիներին՝ անտեսում»

Նոյեմբեր 30,2011 12:59

Մեկ տարի է՝ հրդեհից տուժած կորյունցիների հարցը չի լուծվում

Պոնչիկանոցի հետնամասում գտնվող Կորյունի 23 հասցեում տեղի ունեցած հրդեհից անցել է արդեն 1 տարի, սակայն տուժած բնակիչների խնդիրն այդպես էլ չի լուծվում: Անցյալ տարի հրդեհից հետո որոշ ընտանիքներ մոտ մեկ ամիս բնակվեցին վրաններում: Եվ միայն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ տարածք այցելելուց հետո քաղաքապետարանը նրանց գումար տրամադրեց ժամանակավորապես բնակարաններ վարձակալելու՝ մինչեւ որ այդ բնակիչների հարցը վերջնականապես լուծում կստանա: Իսկ խնդրի լուծման միակ տարբերակն այն էր, որ քաղաքապետարանը կառուցապատող կգտներ եւ այդ տարածքում նրանց համար նոր շենք կկառուցեր: Սակայն քանի որ կառուցապատողն այդպես էլ չհայտնվեց, քաղաքապետարանը եւս 4 ամիս գումարային փոխհատուցում տրամադրեց, որից հետո, ինչպես բնակիչներն են ասում՝ քաղաքապետարանը «ձեռքերը լվաց ու մի կողմ քաշվեց»: Այդ ժամկետը լրացել է օգոստոս ամսին եւ այլեւս չկարողանալով սեփական միջոցներով վարձերը վճարել, բնակիչները ստիպված են եղել վերադառնալ իրենց վառված ու կիսաքանդ տները:

Արթուր Սարգսյանի բնակարանից թեեւ գրեթե բան չի մնացել, սակայն կնոջ ու 2 անչափահաս երեխաների հետ ճարահատյալ վերադարձել է նախկին բնակարան ու բոլորով մի կերպ տեղավորվել են պահեստի համար նախատեսված սենյակում: Հատակն ու պատերն ամրացրել են տախտակներով, բայց ամեն վայրկյան սպասում են, որ մի օր առաստաղը փուլ է գալու: Կացարանն այն աստիճան խոնավ է, որ ամռան կեսին Արթուրի կինն ու հարեւանուհին հիվանդացել են թոքաբորբով:

Մելանյա Սարդարյանի 2 որդիները տեսնելով, որ պետությունը ոչնչով չի օգնում, իրենց ընտանիքների հետ մեկնել են Մոսկվա: Տիկին Սարդարյանի խոսքերով՝ 4 սենյակները վառվել են, ամուսնու հետ ապրում է մոտ 3քմ տարածքում. դա միակ տարածքն է, որ կարողացել են սենյակի տեսք տալ, հեռուստացույց ու մահճակալ տեղադրել եւ ապրել. «Հրդեհից տանիքը վառվել է, մի օր գլխներիս է փլվելու, անկողինը խոնավ է, պատերը տախտակներով փակել ենք, որ քամուց պաշտպանվենք, բայց, միեւնույն է, միջանցիկ քամիներ են լինում: 50 տարվա առած-դրած տունը մի րոպեում վառվեց»:

Բնակիչների պատմելով՝ մի անգամ ինչ-որ մարդիկ են հանդիպել իրենց հետ եւ ներկայացել որպես կառուցապատող, սակայն այդպես էլ ոչ մի լուրջ առաջարկ չեն արել, փաստաթուղթ էլ չեն ներկայացրել, զրույցն էլ չի ստացվել, ինչից հետո կառուցապատողները, բնակիչների ներկայացմամբ՝ հեռացել են անվերադարձ. «Էդպես էլ չհասկացանք, թե ովքեր էին, ինչ են անելու այս հատվածում»:

Բնակիչների փոխանցմամբ՝ վերջերս քաղաքապետարանի ԾԻԳ-ի աշխատակիցներն իրենց այցելել են եւ վստահեցրել, որ ներկայիս քաղաքապետը՝ Տարոն Մարգարյանը, հանձնարարել է հանձնաժողով ստեղծել, խնդիրն ուսումնասիրել, որպեսզի այս հարցին վերջնական լուծում տրվի. «Արդեն մի տարի է անցել: Ինչի նո՞ր պիտի հանձնաժողով կազմեն: Բա էս մի տարի ինչո՞վ էին զբաղված. ձգձգեցին, բերին հասցրեցին ձմեռվա բերան: Էս պայմաններում ապրելն անհնար է: Էս պետությունը 10 ընտանիքի համար էլ գումար չունի՞: Միջազգային կառույցների աչքերին թոզ են փչում ու բարեգութ են ներկայանում՝ Թուրքիայի երկրաշարժից տուժածներին օգնություն տարան, Ճապոնիային օգնեցին: Բա իր ազգին ինչո՞ւ չի օգնում»:

Արթուր Սարգսյանի պատմելով, քաղաքապետարանի աշխատակիցներին առաջարկել է գոնե մեկ օր այդ պայմաններում ապրել, որպեսզի իրենց վիճակը պատկերացնեն. «Իհարկե՝ չէին գա, էդ ինչի՞ իրենք մարդ են, մենք՝ ո՞չ: Վրաններում բնակվելու ժամանակ թաղապետն ու քաղաքապետարանի աշխատակիցները չուզեցին մտնեն ներս, որ վառարանի ծխի հոտը հանկարծ չկպնի իրենց: Էդքանից հետո, ինչի պիտի մտածեն մեր մասին: Հեսա Նոր տարի է լինելու, իրենք իրենց տաք բնակարաններում կնշեն, իսկ մենք սենց անմարդկային պայմաններում պիտի ապրենք»:

Նշենք, որ անցյալ տարի հրդեհի առիթով քրեական գործ էր հարուցվել, որպեսզի պարզվի պատճառը: Ինչպես բնակիչներն են ասում՝ ամբողջ գործը բարդեցին մի խեղճ ու կրակ հարեւանի վրա՝ «Իբր թե գազի արտահոսք է եղել, ինչից հետո էլ՝ հրդեհ է բռնկվել: Բայց գազի արտահոսքի դեպքում տենց հրդեհ չէր լինի ու գոնե պայթյուն կլիներ: Էդ բնակարանի բնակիչներից մեկն էլ կտուժեր: Մի խոսքով՝ իրենց ներկայացրած եզրակացության տակ չենք ստորագրել ու համաձայն չենք դրա հետ: Հիմա էդ մարդը սնանկ վիճակում է, ամբողջը բարդել են նրա վրա՝ դե գնա ու բան պահանջի: Իսկ այն, որ մեր տանիքների վրայով բարձրավոլտ ու վնասված հոսանքալարեր էին անցնում ու հնարավոր էր՝ հենց էդտեղից էլ սկսվեր հրդեհը, ոչ ոք ոչինչ չի ասում»:

Երեկ Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» վստահեցրին, որ կառուցապատողներին չեն կարողանում համոզել, որ այդ հատվածում շենք կառուցեն եւ բնակարաններ տրամադրեն, քանի որ կառուցապատողը մինչեւ շենքը ավարտին հասցնելը պետք է իր հաշվին բնակիչներին գումար տրամադրի՝ ժամանակավորապես բնակարաններ վարձակալելու համար. «Քանի որ քաղաքապետարանը ոչ մի պարտավորվածություն չունի, ուստի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որպես բարի կամքի դրսեւորում, ԾԻԳ-ին հանձնարարել է տեղում գույքագրման աշխատանքներ կատարել եւ վնասները հաշվարկել, որպեսզի մինչեւ տարեվերջ բնակիչներին տրմադրեն այդ գումարը, նրանք էլ կամ ինքնուրույն իրենց բնակարանները վերանորոգեն, կամ նորը կառուցեն, կամ էլ՝ նոր բնակարաններ գնեն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930