Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջում ՀԱԿ-ը խնդրելու է Սերժին, որ թույլ տա իր մի քանի անդամներին մտնել ԱԺ

Նոյեմբեր 30,2011 12:46

Ասում է «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը

Անցած ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի այս տարվա արդեն վերջին հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություն-վերլուծությունը՝ ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության հեռանկարի վերաբերյալ, հաստատապես գոնե մինչեւ տարեվերջ քննարկման առարկա կմնա: Տեր-Պետրոսյանի առաջարկը, որը ՀԱԿ-ին մաս կազմող որոշ ուժերի համար ընկալվեց որպես հերթական հանճարեղ միտք ու ընդունվեց «ադաբրյամսի» մթնոլորտում, տարակուսանք է առաջացրել մասնավորապես նաեւ ընդդիմադիր ճամբարի մյուս քաղաքական միավորների համար: Երբեւէ ՀԱԿ-ին մաս կազմող Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի համար, սակայն, իրադարձությունների այսպիսի զարգացումը, պարզվում է, անակնկալ չէր: «Այն, ինչ կատարվում է վերջին շրջանում, ինձ համար նորություն չէ: Ես վաղուց եմ ասել, որ ՀԱԿ-ը սխալ ընթացքի մեջ է: Այս ամենն ինձ չի զարմացնում, որովհետեւ ես գիտեմ, որ նրանք գնում են հերթական ընտրությունների, իսկ մնացյալը՝ հանրահավաքներ, ելույթներ, որոնք հնչել են ՀԱԿ ղեկավարության կողմից, ունեցել են մեկ նպատակ՝ մեր ժողովրդին մոլորեցնելով՝ պահպանել մի զանգված, որպեսզի կարողանան ընտրությունների ժամանակ բռնապետի հետ առեւտուր անել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Արձագանքելով մեր հարցին, թե՝ իր կարծիքով, ԲՀԿ-ին կամ Գագիկ Ծառուկյանին ռեւերանսներ ու նրա հետ համագործակցության առաջարկներ անելով՝ արդյոք ՀԱԿ-ը կկարողանա՞ իր այսօր դեռ ունեցած ընտրազանգվածը պահել մինչեւ հերթական ընտրությունները, թե՞ տեղի կունենա միանգամայն հակառակ գործընթացը, Ժիրայր Սեֆիլյանը նկատեց. «Եթե այս մեկուկես տարիների ընթացքում հետեւել եք իմ ելույթներին, ապա կնկատեք, որ ես առաջին անգամը չէ, որ ասում եմ՝ այնպես է լինելու, որ մինչեւ հերթական ընտրությունները Տեր-Պետրոսյանի զանգվածն այնքան է հյուծվելու, որ վերջում նա Սերժ Սարգսյանին խնդրելու է, որ իր կողմնակիցներից մի խումբ մարդկանց թույլ տա մտնել խորհրդարան: Ասել կուզեմ՝ այսօրվա զարգացումներն ընթանում են հենց այն տրամաբանությամբ, որ նրանք օր օրի վարկաբեկվելով՝ հասնելու են մինչեւ ընտրություններ: Եվ այս ամենի սցենարիստը Սերժ Սարգսյանն է»:

ՀԱԿ-ն ու նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն անցած երեք-չորս տարիների ընթացքում, դեռ 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում, մինչեւ «Մարտի 1»-ն ու անգամ դրանից հետո, բազմաթիվ անգամներ են փորձել Համաժողովրդական շարժման կողմը գրավել մասնավորապես հենց ԲՀԿ նախագահին՝ մե՛կ մտրակի, մե՛կ քաղցրաբլիթի մարտավարություն կիրառելով, ու բոլոր դեպքերում էլ ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին առաջարկ-վերլուծություններն ավելի շատ նման են եղել այդ քաղաքական ուժին եւ նրա ղեկավարին ուղղված շանտաժի: Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը մի ժամանակ ԲՀԿ նախագահին մեղադրում էին մահացու մեղքերի, «կրիմինալի» մեջ, այդ թվում՝ «Մարտի 1»-ի դեպքերին Ծառուկյանի ակտիվ ներգրավվածության՝ նրա թիկնապահների մասնակցության մեջ: Հիմա պատրաստ են անգամ նրան ներել՝ ասելով, թե աններելի մեղքեր չկան, կամ մշտական թշնամիներ չկան: Բայց արդյոք հիմա բարոյակա՞ն է նրա այդ «մեղքերը» մի կողմ դնել, երբ «Մարտի 1»-ը տակավին բացահայտված չէ, ներել ու հանուն «ընդդիմադիր ուժերի ավելի լայն ճակատի ձեւավորման» սկսել համագործակցել «ավազակապետության հիմնասյուներից» մեկի հետ, ինչպես երբեւէ նաեւ Ծառուկյանին նկատի ունենալով՝ ձեւակերպում էին ՀԱԿ-ում:

Սեֆիլյանն այս խնդիրը դիտարկեց «Սարդարապատ» շարժման դիրքորոշման տեսանկյունից. «Մենք ոչ միայն կողմ չենք, որ մեր ժողովուրդը մասնակից լինի որեւէ ընտրությունների, այլ նաեւ մենք ինքներս մասնակցելու ենք ընտրությունների միայն այն ժամանակ, երբ ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ մնացյալ կուսակցությունները, որոնք մեղսակից են եղել «Մարտի 1»-ին՝ լինեն այլեւս արգելված, այսինքն՝ լուծարված կուսակցություններ: Սա է մեր դիրքորոշումը: Իսկ թե որքանո՞վ է բարոյական կամ անբարոյական ՀԱԿ-ի այսօրվա կեցվածքը՝ չեմ ուզում պատասխանել»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930