Թբիլիսիում չորեքշաբթի առավոտից դադարեցվել է ընդդիմադիր «Մաեստրո» հեռուսաալիքի հեռարձակումը: Trend-ի մատուցմամբ, սակայն, դա տեղի է ունեցել ոչ թե Վրաստանի իշխանությունների «պատժիչ գործողությունների» շրջանակում, այլ` հեռուստաալիքի սեփականատիրոջ եւ ընկերության կառավարչի միջեւ առկա դիմակայության պատճառով:
Այսօր առավոտյան հեռուստաալիք է այցելել ընկերության կառավարիչը` ընդդիմադիր «Վրացական կուսակցության» առաջնորդներից Էրոսի Կինցմարիշվիլին, եւ հայտարարել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից Իլյա Կիկաբիձեի հեռացման մասին: Ընդսմին, Կինցմարիշվիլին, հեռուստաընկերության անվտանգության աշխատակիցների աջակցությամբ, արդեն նախկին գործադիր տնօրենին դուրս է բերել հեռուստատեսության տարածքից: «Մաեստրոյի» հիմնադիրներից մեկը` Լեւան Չիկվաձեն, ստիպված է եղել ոստիկանություն կանչել` Կինցմարիշվիլիին մեղադրելով հեռուստաընկերության շենքը զավթելու մեջ: Վերջինս հայտարարում է, թե ինքն է «Մաեստրոյի» կառավարիչը, ուստի` իր գործողությունները միանգամայն օրինական են:
Իսկ մինչ ընդդիմադիր հեռուստաալիքի սեփականատերն ու կառավարիչը հարաբերություններ են պարզում` լրագրողները զրկվել են շենք մտնելու հնարավորությունից: Նախօրեին «Մաեստրոյի» համահիմնադիրները Կինցմարիշվիլիին հասցրել էին մեղադրել լրագրողների վրա ճնշումներ բանեցնելու եւ հեռուստաալիքի խմբագրական քաղաքականությանը միջամտելու մեջ: