Ռուս–վրացական սահմանում արդեն երրորդ շաբաթը բեռնատարների խցիկներում լուսացնող հայ վարորդները մեր խմբագրությանը դարձյալ ահազանգեցին իրենց անելանելի վիճակի մասին: Նրանց փոխանցմամբ՝ 100-110 բեռնատարի համար տուն վերադառնալու հույսն աստիճանաբար մարում է հայկական կողմի անտարբերության պատճառով։
– Օրներս մի կերպ անցկացնում ենք։ Հավաքվում ենք իրար գլխի, կրակ ենք անում, հավաքվում շուրջը, որ մի քիչ տաքանանք: Դիզվառելիք էլ չի մնացել, փողի մասին խոսք չկա, բայց դե, ոչինչ, թող ճանապարհ լինի, փողը տնից կուղարկեն: Միակ օգնությունը ստանում ենք ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից. նրանք մեզ ապահովում են սննդով՝ հաց, տուշոնկա, տաք թեյ, գոհ ենք մարդկանցից, ապրեն նրանք: Ցավալին այն է, որ հայկական կողմից ոչ մի օգնություն չկա, ոչ ոք չի գալիս, չի հետաքրքրվում մեզանով: Հարազատները զանգում-ասում են, որ իբր թե տրանսպորտի նախարարությունը խոստացել է լաստանավերով կազմակերպել փոխադրումը, բայց մինչեւ հիմա ոչ մի լուր չունենք, Հայաստանից ոչ ոքի չենք տեսել, այստեղ ռուսներից բացի՝ մեզ ոչ ոք չի օգնում:
«Հայացք»