Հարավային Օսիայի նախագահի թեկնածու Ալլա Ջիոեւան իրեն նախագահ է հռչակել եւ հայտարարել իր նախընտրական շտաբի անդամներից պետական խորհուրդ ձեւավորելու մասին:
BBC-ի փոխանցմամբ, Հարավային Օսիայի գլխավոր դատախազությունը Ջիոեւայի գործողությունները որակել է որպես` անօրինական, եւ համեմատել «գունավոր հեղափոխության» հետ` խոստանալով «համապատասխան միջոցներ ձեռնարկել»:
Նախօրեին Ջիոեւան հայտարարել էր հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակը պաշտպանելու իր մտադրության մասին եւ Հարավային Օսիայի ղեկավարությանը կոչ էր արել ճանաչել քվեարկության արդյունքները: Չորեքշաբթի օրը նա դիմել է ժողովրդին եւ երկրի իշխանություններին` հայտարարելով, որ ինքն ընտրված նախագահ է:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի գերագույն դատարանը անվավեր է ճանաչել ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն, ըստ ԿԸՀ-ի, հաղթել է ընդդիմադիր թեկնածու Ալլա Ջիոեւան: Վերջինս մրցակցում էր Կրեմլի թեկնածու Անատոլի Բիբիլովի հետ: Հանրապետությունում նշանակվել են նախագահի կրկնակի ընտրություններ, որոնց մասնակցելու իրավունքից Ջիոեւան զրկվել է: