Մեր իշխանավորները քաղաքական եւ ռազմավարական իրենց ծրագրերում, որպես առաջնահերթություն, անպայման նշում են եվրոպական ընտանիքին մեր երկրի ինտեգրման կարեւորությունը, նշում են այն արժեհամակարգը, որ մեզ միավորում է, հաճախ նույնիսկ պատմության խորքերից պեղում, հանում են (երբեմն անտեղի) դեպքեր եւ իրադարձություններ, որ ապացուցում են մեր աշխարհայացքային ընդհանրությունները:
Սակայն ելույթները՝ ելույթներ, դրսին ուղղված մեսիջները գեղեցիկ փաթեթավորելուց հետո նույն մեր «եվրոարժեհամակարգի» բոլոր, թեկուզ ամենակրթված հետեւորդները վերադառնում են իրենց գործնական աշխատանքին, որի նպատակը, որքան էլ տխուր է արձանագրել, ոչ թե մեր կյանքը եւ մեր երկիրը եվրոպական չափանիշներին հասցնելն է, այլ իր, իր որդու, խնամու, բարեկամի, ընկերոջ համար մի յուղոտ պատառ պոկելը։ Օրինակները բազմաթիվ են, սկսած հանքարդյունաբերությունից, վերջացրած քաղաքի ցանկացած ազատ, ինչու ոչ, նաեւ ոչ այնքան ազատ անկյունների գրավումն ու «օբյեկտների» կառուցումն է։ Եվ խոսքի ու գործի հակասության օրինակները բազմաթիվ են։
Երկրորդ աշխարհամարտի հետեւանքով ամբողջությամբ ավերվեց Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի՝ Դրեզդենի պատմական կենտրոնը, կանգուն չմնաց եւ ոչ մի շենք։
Սակայն 1945թ. պայմաններում ԳԴՀ պետության ղեկավարությունը կայացրեց մի որոշում, որի իրականացումը անհավատալի էր թվում՝ վերականգնել ավերված բոլոր շինությունները։ Եվ չնայած փոփոխվող հասարակարգերին, այդ որոշումը իրականություն դարձավ։ 2007թ., քաղաքն ավերվելուց 62 տարի անց, ավարտվեց վերջին հուշարձանի վերականգնումը։
Կարդացեք նաև
Իսկ Հայաստանի դեպքում մենք ականատեսն ենք հակառակ իրողության, քանդվում, այլանդակվում են պահպանված վերջին պատմական շենքերը։ Մղիչ ոժը մեկն է՝ փող քամել Երեւանի կենտրոնի ամեն քառակուսի մետրից։ Կարետր չէ ինչի հաշվին՝ պատմությա՞ն, թե՞ ազգային արժանապատվության:
Այս ամենից հետո հարց է առաջանում՝ ինչպե՞ս հավատանք արժեքներից խոսող եւ մեր արժեքներն ավերող այս մարդկանց։ Արդյո՞ք նրանք իսկապես հավատում են իրենց ասածներին, թե ուղղակի օգտվում են պահից։
«Երկիր»