Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք ենք այս քաղաքի տերը» Տարոն Մարգարյանին քայլեր է առաջարկում.

Նոյեմբեր 30,2011 10:28

«Մենք ենք այս քաղաքի տերը» շնորհավորում է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանի մայրաքաղաքում կանաչ տարածքները փրկելու համար:

Կարծում ենք, Ձեզ ևս անհանգստացնում է Երևանում ստեղծված այն իրավիճակը, երբ խախտվում են քաղաքաշինական նորմերը, քաղաքը գնում է դեպի բացարձակ «բետոնապատում», ինչի արդյունքում երեխաները զրկվում են այգում խաղալու հնարավորությունից, մեծերը` ծառերի ստվերում հանգստանալուց, իսկ երիտասարդները` շարունակաբար հոգնածություն և ուժերի անկում են զգում: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ «երիտասարդացել են» քաղցկեղն ու սրտային հիվանդությունները, ավելի տարածված են դարձել զանազան նյարդային հիվանդություններ: Այս իրավիճակի հիմնական պատճառներից մեկն այն է, որ հանուն մասնավոր շահի շարունակվում է հանրային այգիների և ծառերի լայնածավալ սպանդը, նախկին կանաչ տարածքների տեղում բարձրահարկեր են կառուցվում, ինչին զուգահեռ մեծանում է նաև տրանսպորտի հոսքը: Այգիների մաս առ մաս կառուցապատվում են, գերազանցելով օրենքով թույլատրելի տոկոսը և հաճախ հանգեցնելով այգուց լիակատար ոչնչացմանը: Երևանում այլևս չկան բավարար ծառեր մեր թոքերի համար թթվածին արտադրելու համար (անհրաժեշտ 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ քիչ կանաչ տարածք): Եթե հաշվի առնենք նաև քաղաքի բնակլիմայական պայմանները, ըստ որի Երևանին բնորոշ է չոր մայրցամաքային կլիման և այն գտնվում է օշինդրային կիսաանապատի գոտում, առավել կարևորվում է կանաչ տարածքների անհրաժեշտությունը՝ քամիներից պաշպանելու, օդը խոնավացնելու, փոշուց և թունավոր նյութերից մաքրելու համար:

Ստեղծված իրավիճակը շտկելու համար առաջարկում ենք ձեռնարկել հետևյալ քայլերը.

– 2012թ. բյուջեում շեշտակիորեն ավելացնել Երևանի այգիների պահպանման և խնամքի, նոր այգիների ստեղծման համար հատկացվելիք գումարը:

– խիստ հսկողություն սահմանել Երևանի գլխավոր հատակագծի խախտումներ թույլ չտալու համար (ներկայումս շինարարական բազմաթիվ նախագծեր ընթանում են Երևանի գլխավոր հատակագծի խախտմամբ):

– բոլոր քաղաքաշինական նախագծերի մասին տարբեր միջոցներով և ամիսներ առաջ իրազեկել հանրությանը և նպաստել նրա ակտիվ մասնակցությանը. hասարակության մասնակցությունն է, որ կարող է հավասարակշռող դեր ունենալ քաղաքի համաչափ և կայուն  զարգացման համար:

– ճշտել Երևանի քաղաքապետարանի վարչությունների պատասխանատվությունն ու հասցեականությունը, բնապահպանական խնդիրների դեպքում քաղաքացիներին ապակողմնորոշելուց և պատասխանատվությունից հրաժարվելուց խուսափելու համար:

– դադարեցնել շինարարությունը հանրային կանաչ գոտիներում և ընդհանուր օգտագործման բակային տարածքներում. չերկարացնել բոլոր այն սրճարանների պայմանագրերը, որոնք ծանր բետոնե հիմնական կառույցներ ունեն, ապամոնտաժել դրանք՝ այդ թվում նաև Օղակաձև այգու երկայնքով կառուցված համալիրները, Ուսանողական այգու ապօրինի կառույցը, Նոր Նորքում, Արաբկիրում և քաղաքի այլ այգիներում կառուցվող շինությունները: Աջակցել Նալբանդյան 106 և Պուշկին/Կողբացի և մյուս բակային տարածքների բնակիչներին` սեփական պահանջներին համապատասխան կանաչ բակային տարածքներ ունենալու համար:

– կրկին ծառապատել Նորքի անտառը, Մոնումենտի լանջը, վերականգնել կորած մյուս ծառածածկ գոտիներն և կենտրոնի կանաչ օղակը:

Կարծում ենք, որ վերոհիշյալ միջոցների ձեռնարկումը կօգնի Երևանում ստեղծել մեր և մեր երեխաների համար առողջ միջավայր, բարենպաստ կլինի տուրիզմի զարգացման և ներդրումների համար և, ընդհանրապես, կնպաստի Երևան քաղաքի կայուն զարգացմանը:


«Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն
30-ը նոյեմբերի, 2011թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930