Նոյեմբերի 29-ին լրացավ Շուշիի առանձնակի գումարտակի ձեւավորման 20-ամյակը: Գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ 20 տարի առաջ ճիշտ այդ օրը մի ջոկատ երկու ուղղաթիռով վայրէջք կատարեց Հադրութի Մեծ Թաղլար գյուղում: «Հենց այդ օրն է համարվում Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադրման օրը, որովհետեւ այդ ջոկատի կորիզի հենքի վրա էր, որ ձեւավորվեց առանձնակի գումարտակը»:
Գումարտակի անդամների թիվն այսօր անցնում է 2000-ից, արցախյան ազատամարտի ընթացքում գումարտակի 56 ազատամարտիկ է զոհվել:
«Երկար տարիներ այս օրն ինձ համար հատուկ նշանակություն չի ունեցել, եւ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս ես խուսափում էի հնչեղ միջոցառումներ անելուց: Բայց միշտ գտնվում են ընկերներ, որոնք ինձ ստիպում են անպայման, թեկուզ փոքր շրջանակներում, նշել այս օրը: Ես այն կարծիքին եմ, որ իրավունք չունենք ինչ-որ մեծ շուքով նման տարեդարձներ նշել՝ այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովրդին չենք ազատագրել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: