Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ փոխնախագահը վստահեցնում է, որ ԵԿՄ-ից ոչ ոք չի հեռացել

Նոյեմբեր 29,2011 22:11

Երկրապահ կամավորական միության ո՛չ տարածքային բաժանմունքներից եւ ո՛չ էլ վարչությունից հեռանալու մասին որեւէ դիմում չի ստացվել: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը: Նրա մատուցմամբ` փոխարենը ԵԿՄ-ին, այդ թվում՝ Կենտրոնի տարածքային կառույցին, նոր մարդիկ են անդամակցում, մեծ մասամբ` երիտասարդներ, բայց նաեւ արդեն կռված տղաներ:

«Ինչ վերաբերում է տարածքային կառույցների ղեկավար կազմի փոփոխությանը, ապա դա տեղի է ունենում ամբողջ տարվա ընթացքում, եղել է նաեւ վերջին մեկ տարում՝ պայմանավորված կոնկրետ կառույցներում կազմակերպչական խնդիրներով: Տարվա ընթացքում գնահատվում է տարածքային կառույցների, բաժանմունքների  կատարած աշխատանքը, եւ ելնելով այդ գնահատականից,  ծրագրերի կատարման արդյունավետությունից՝ մենք ժամանակ առ ժամանակ մի շարք կառույցներում փոփոխություններ ենք անում, տարածքային բաժանմունքներում նոր ընտրություններ  են նշանակվում, որոնք տեղի են ունենում ԵԿՄ կանոնադրությանն ու հ/կ-ների մասին օրենսդրությանը համապատասխան»,- ասաց ԵԿՄ փոխնախագահը՝ միաժամանակ հաստատելով ԵԿՄ Կենտրոն տարածքային կառույցի նախագահ Էդիկ Գյումրյանի պաշտոնանկության փաստը:

Արա Կետիկյանը հավելեց, թե այս պահի դրությամբ՝ մինչեւ Կենտրոնի կառույցի  նախագահի նոր ընտրությունները, աշխատանքները համակարգում է Երեւանի տարածքային կազմակերպության  բաժանմունքը: «Իսկ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ ԵԿՄ-ում որեւէ որոշում չի կայացվում ոչ միայն այս կառույցում, այլեւ ընդհանրապես: ԵԿՄ-ում նման հարցեր չեն քննարկվում: Կենտրոնի կառույցի ղեկավարի պաշտոնում ոչ ոք չի առաջադրվել ու չի նշանակվել. դա, ըստ ԵԿՄ կանոնադրության, տեղի կունենա ընտրությունների միջոցով՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում»,- հայտարարեց Արա Կետիկյանը:

Հիշեցնենք, որ «Առավոտի» տեղեկություններով՝ շուրջ 10 օր առաջ Երկրապահ կամավորականների միության Կենտրոն տարածքային կազմակերպության ավելի քան 50 անդամներ դուրս են եկել ԵԿՄ-ից եւ մտադիր են հանձնել իրենց վկայականները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել էր Կենտրոնի կառույցի ղեկավարը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930