Լրահոս
Օրվա լրահոսը

Հարսնացուն Ջերմուկից

Նոյեմբեր 29,2011 20:58

Պատմության սկիզբը դրվել էր իրենց հանդիպումից դեռ 5 տարի առաջ՝ առանց նրանց իմացության: Վահեի` արտասահմանից հյուր եկած հորաքույրը շրջագայության էր գնացել Ջերմուկ: Լինելով խիստ հայրենասեր եւ ավանդապաշտ՝  Մարգարիտան, որպես հայուհի, նրա դուրը շատ է գալիս, եւ Ջերմուկում տեղի ունեցող արարողություններից մեկի ժամանակ նրան նվիրում մարգարտե մի մանյակ: Այդ օրվանից մանյակը դառնում է աղջկա թալիսմանը:

  Այդ օրվանից անցնում է  5 տարի: Ձմեռ էր ու շատ ցուրտ, ճանապարհները փակ էին ու անանցանելի: Վահեն մեքենայով անցնում է եւ հեռվից տեսնում  մի աղջկա, ով ցրտից սառչում էր, կանգնեցնում է մեքենան եւ առաջարկում  տուն հասցնել: Աղջիկը համաձայնվում է: Ամբողջ ճանապարհին հայելու միջով նրանց հայացքներն անընդհատ իրար են հանդիպում: Ու երբ Մարգարիտան նկատում է նրա մատնեմատի մատանին, մտածում է. «Ինչ անհարմար բան ստացվեց, չպիտի նստեի, մի կերպ կհասնեի տուն էլի: Ամուսնացած մարդ ա,  հիմա ի՞նչ կմտածի»:

Այս դեպքից էլ անցնում է 6 ամիս: Վահեն այդ ընթացքում չի նկատում Մարգարիտային: Բայց ի տարբերություն Վահեի՝ Մարգարիտայի մեջ նա լավ էր տպավորվել: Տղան աշխատում էր Ջերմուկում, որոշ ժամանակ հետո նա էլ է սկսում հետաքրքրվել Մարգարիտայով: Իմանալով,  որ աղջիկը աշխատում է Ջերմուկի միակ գեղեցկության սրահում` որպես վարսահարդար,  որոշում է տեսնել նրան:

Մարգարիտան հիշում է. «Ամեն օր Վահեն գալիս էր, մեքենայով կանգնում  սրահի մոտ ու երկար ժամանակ հետևում ինձ: Ես էլ, քանի որ նկատում էի այդ ամենը, թաքուն ոտքով բացում էի դուռը, որպեսզի  ես էլ նրան տեսնեմ: Բոլորը նկատել էին մեր հայացքները: Մի օր էլ սրահ զանգ է գալիս ու հեռախոսը ինձ են փոխանցում. «Գիտեմ աղջիկ ես, չեմուչում ես անելու, բայց քեզ կարճ ու կոնկրետ եմ ասում. հնարավոր կլինի՞ այսօր հանդիպենք»: Վահեն էր: Մարգարիտային դուր է գալիս նրա համարձակությունը: Որոշում է չմերժել…

Հուլիս ամսվա 18-ը

Դարձավ կյանքիս շատ լավ օրը,

Հեռախոսի ձայնը լսվեց

Լսափողը ինձ հանձնեցին:

Լսեցի մի համարձակ ձայն

Այո,այո ժամը 9-ին:

«Բռունցք արած» արձանի մոտ

Դողում էի ամբողջ մարմնով՝

Գնա՞լ արդյոք, թե՞ չգնալ…

Դե գնացի….

Հասա մեր այդ արձանի մոտ

Ճիշտ նույն ժամին, ճիշտ նույն տեղում

Ինձ էր սպասում շատ համարձակ երիտասարդ:

Մեզ ուղեկցեց անձրեւը հորդ մինչ քարանձավ,

Այծեր էինք երկուսս էլ

Գուցե դա էլ պատճառ դարձավ մեկուսանալ քարանձավում

Ձայնից հեռու, աչքից հեռու:

Կարմիր գինու գավաթները զրնգացին.

Խոսում էինք մերթ բառերով, մերթ աչքերով,

Խմում էինք գինին՝ ես կումերով, նա մեկ շնչով:

Ժամեր անցավ մենք զգացինք

Ժամանակն էր ինձ ուղեկցել:

Դռան շեմին որպես հրաժեշտ

Ձեռքս սեղմեց մեկ ուրիշ ձեռք

Բռունցք դարձան մեր ձեռքեռը

Ամուր կապվեց մեր կապերը:

Վահե լսվեց իմ շուրթերից

Ես գնացի, արդեն ուշ է:

Այդ օրվանից սկսվեցին նրանց լուրջ հարաբերությունները: Քանի որ ժամանակը քիչ էր եւ Վահեն ուզում էր հնարավորինս շուտ ամուսնանալ, որոշում է գնալ Մարգարիտայենց տուն եւ տեղեկացնել նրա ընտանիքի անդամներին իրենց հանդիպումների եւ իր  լուրջ մտադրությունների մասին: Դե ինչպես ընդունված է նահապետական բարքերի տեր ծնողները, եղբայրները սկզբում դեմ են լինում եւ նույնիսկ նշում. «Ամոթ է, որ մեր աղջկը առանց նշանվելու դուրս գա, քո հետ տեղ գնա…….»: Վահեն էլ առանց վարանելու հանում է իր վզի ոսկե շղթան եւ գցում Մարգարիտայի վիզը ու ասում. «նշանդ շնորհավոր»: Բոլորը զարմացած իրար են նայում ու չեն հասկանում ինչ կատարվեց…

Մի օր Երեւանում Վահեենց տանը առիթներից մեկի ժամանակ հյուր էր նաեւ Վահեի հորաքույրը: Անցավ մեկ ամիս….

Ինչպես հապճեպ ու պատահական ստացվեց նրանց նշանադրությունը, նույնքան անակնկալ ձեւով էլ որոշվեց նրանց հարսանիքը: Վահեի ծնողները վաղաժամ հեռացել էին կյանքից: Չցանկանալով նեղություն պատճառել հարազատներին` Վահեն որոշում է ինքնուրույն լուծել իր պսակադրության հարցերը: Զանգում է Երեւան իր հարազատներին եւ ասում. «Վաղը հարսանիքս է, ամեն ինչ արել եմ, ամեն ինչ որոշված է. դուք միայն չմոռանաք բերել կոստյումս»: Բնականաբար դա շատ մեծ անակնկալ էր հարազատների համար: Ինչպես «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում, այնպես էլ այստեղ, հարազատները միայն հասցնում են վերցնել իրենց կոստյումներն ու զգեստները:

Հարսանիքին ներկա չէին Մարգարիտայի ծնողները, իրենք էին այդպես ուզել: Հարսանիքի ամենաթեժ պահին՝ ծնողների կենացը խմելիս, հարսի ու փեսայի բաժակները զրնգացին եւ գինին պատահաբար թափվեց հարսի ճերմակ զգեստի վրա: Ու մինչ այսօր ամեն սեղան նստելիս ու գինու բաժակ բարձրացնելիս գինին թափվում է նրանց վրա: Պատմում են նրանք:

Տաթեւիկ Առաքելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930