ՌԴ Տյումենի մարզի տասնյակ քաղաքացիներ են տուժել Զավոդոուկովսկ քաղաքում նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը անցկացված ոստիկանական շուրջկալի արդյունքում: Life News-ի փոխանցմամբ, ոստիկանության հատուկ ջոկատայինները ներխուժել են մի քանի սրճարաններ եւ ծեծի են ենթարկել ավելի քան 150 մարդու, ընդ որում՝ տուժողների թվում են նաեւ սրճարանների այցելուները, այդ թվում՝ մի հղի կին: Հատուկ գործողության արդյունքում , սակայն, իրավապահները ծիծաղելի արդյունք են գրանցել. առգրավել են ընդամենը մի քանի գրամ ծխախոտային խառնուրդ:
Տեղի ֆորումները ողողված են «ՕՄՕՆ-ի բեսպրեդելի» մասին վրդովված գրառումներով:
Ասվում է, որ ոստիկանները սրճարանների այցելուներին առանց որեւէ պատճառ ներկայացնելու ծեծի են ենթարկել, փչացրել են նրանց իրերը, սպառնացել մահակներով եւ զենքով, ստիպել շարվել պատի տակ կամ պառկել հատակին, ապա ուժի կիրառմամբ բերման ենթարկել ոստիկանության բաժին, ճանապարհներին ավտոմեքենաներ են կանգնեցրել ու խուզարկել դրանց տերերին:
ՌԴ ՆԳՆ-ն արդեն հաստատել է հատուկ գործողություն իրականացնելու փաստը՝ դա բացատրելով թմրանյութերի հայտնաբերմամբ, իսկ ինչ վերաբերում է ոստիկանության «բեսպրեդելին»՝ հայտարարել են, թե «այդ տվյալները ճշտվում են»: