Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողները մեր լավագույն դաշնակիցներն են»

Նոյեմբեր 29,2011 18:41

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացած «Լրագրողների եւ փաստաբանների աշխատանքի արդյունավետությունը»  թեմայով սեմինար-քննարկմանը կարծիք հայտնեցին ներկա փաստաբանները

Քննարկմանը ներկա  էին հայաստանյան մի շարք լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, ովքեր հիմնականում լուսաբանում են մարդու իրավունքներին առնչվող դատական գործերը: Երկուստեք արտահայտվեցին համագործակցությունը դրական եւ արդյունավետ գնահատող կարծիքներ: Փաստաբան Վահե Գրիգորյանը կարեւորեց այն դերակատարումը, որով լրագրողները հասարակական լայն հնչեղություն տալով որեւէ գործի, դրանով նպաստում են տվյալ գործի դատական օրինական ընթացքին:  Հատկապես կարեւորվեց համագործակցությունը ռազմավարական նշանակության դատավարությունների ժամանակ: Իսկ ռազմավարական դատավարություններ փաստաբանները համարում են այն դատավարությունները, որոնք հանրության համար կարեւոր նշանակություն եւ համատարած բնույթ ունեն: Անդրադարձ եղավ նաեւ լրագրող-փաստաբան համագործակցության խոչընդոտները հաղթահարելու խնդիրներին: Լրագրողները բարձրացրին այն խնդիրը, որ երբեմն փաստաբանները իրենք են հրաժարվում լրագրողների հետ համագործակցելուց եւ որեւէ ինֆորմացիա տրամադրելուց: Ի պատասխան դրա` փաստաբաններն էլ ասացին, որ ստիպված են լինում որոշ լրագրողների հետ համագործակցելուց զերծ մնալ, քանի որ վերջիններս երբեմն խեղաթյուրում են իրենց ասածները կամ գրում են այնպիսի բաներ, որով ավելի են խանգարում իրենց վստահորդին, եւ առհասարակ, գործին: Մեկ-երկու նման վարքագիծ դրսեւորած լրագրողներին չեն վստահում արդեն նաեւ մյուս փաստաբանները: Վերջիններս նույնիսկ կարծիք հայտնեցին, որ համագործակցելու դեպքում լրագրողը պետք է հոդվածը մինչեւ հրապարակելը ցույց տա փաստաբանին` նոր հրապարակի: Այս կարծիքը միանշանակ չընդունվեց լրագրողների կողմից, քանի որ դա` նախ կասկածի տակ է դնում լրագրողի մասնագիտական կարողությունը, ինչը  վիրավորական է նրա համար, եւ երկրորդ, հոդվածը այդ դեպքում կլինի միակողմանի եւ կարտահայտի զուտ փաստաբանի տեսակետն ու ցանկությունները: Ի վերջո, եկան ընդհանուր հայտարարի, որ նման իրավիճակում կարելի  է սխալներից ու վրիպումներից զերծ մնալու համար փաստաբանին ներկայացնել միայն կոնկրետ իր խոսքի ու կարծիքի հատվածը: Լրագրողներն իրենց փաստաբան- գործընկերներից խնդրեցին , որպեսզի հարցազրույց եւ ինֆորմացիա տրամադրելիս խոսեն հակիրճ եւ կոնկրետ տրված հարցի շուրջ:

Անդրադարձ եղավ նաեւ Քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածին, որով նախաքննության ընթացքում արգելվում է  տեղեկությունների տրամադրումը եւ հրապարակումը: Թե փաստաբանները, թե լրագրողները կարծում են, որ այս հոդվածը բավականին խոչընդոտում  է իրենց, կանխում է գործին ժամանակին հնչեղություն տալը եւ հնարավորություն է տալիս մյուս կողմին` գործը ցանկացած ուղղությամբ տանելու եւ որոշ բաներ կոծկելու: Հոդվածը փոփոխությունների ընթացքում է եւ նոր` փոփոխված տարբերակը  դեռեւս չի հաստատվել Ազգային ժողովի կողմից: Բայց այս դեպքում էլ տեղեկատվության տրամադրումը մնալու է  քննիչի հայեցողությանը: Սա նույնպես, ըստ բանախոսների, կարող է նախաքննական մարմնի նոր կամայականությունների տեղիք տալ:

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930