Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ. «Ամեն անգամ գալով Վրաստան՝ համոզվում եմ, որ մենք շատ քիչ ենք շփվում»

Նոյեմբեր 29,2011 17:28

Հատված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից՝

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ

համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

«Քիչ առաջ Վրաստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում քննարկեցինք հայ-վրացական համագործակցության գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր: Գնահատանքով անդրադարձանք մեր առևտրա-տնտեսական համագործակցության դրական տեղաշարժին՝ այս տարվա տվյալներով ավելի քան 20 տոկոսի աճ, թեպետ, պետք է նշեմ՝ այն ֆիզիկական ծավալները, որ այսօր գոյություն ունեն մեր երկու երկրների միջև, ես նկատի ունեմ առևտրաշրջանառության, քիչ են թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար: Շատ փոքր ցուցանիշ է, և վստահ եմ, որ մենք ունենք խնդիրներ, որոնց լուծման պարագայում, իրոք, կարող ենք ճեղքում ապահովել:  Ապրանքաշրջանառության աճը, ներդրումների ընդլայնումը, տնտեսական և գիտատեխնոլոգիական ինտեգրումը մենք դիտարկում ենք որպես մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման կարևոր ուղղություններ: Առաջնահերթ նշանակություն ենք տալիս նաև Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, անշուշտ, նաև մշակույթը:

Գալիք ամիսներին մենք մեկնարկում ենք Հյուսիս­հարավ լավագույն չափանիշներով ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, որը, միանալով Վրաստանի տարածքում Նինոծմինդա­Բաթումի վերանորոգվող ավտոճանապարհի հետ, հնարավոր կդարձնի Պարսից ծոցից դեպի Վրաստանի նավահանգիստներ բեռների արագ և հարմարավետ տեղափոխումը: Բնականաբար, Վրաստանում արդեն գիտեն, թե ինչ է նշանակում եվրոպական չափանիշներով ավտոմայրուղի, և կարծում եմ՝ հենց հաջորդ տարի Հայաստանի բնակչությունը կտեսնի այդպիսի ենթակառուցվածքների առավելությունը: Քայլեր ենք ձեռնարկում նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի սինխրոնացման ուղղությամբ: Սա էլ չափազանց կարևոր հանգամանք է:

Հայաստանն ու Վրաստանն իրենց հարաբերությունները կառուցում են բարիդրացիության և երկարատև ու շահավետ համագործակցության ոգով: Մեր համագործակցության կարևոր բաղադրիչն է մեր պետությունների անվտանգության ապահովման, տարածաշրջանում կայունության, ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու շուրջ ծավալված անկեղծ երկխոսությունն ու կոնկրետ, պրակտիկ աշխատանքը:

Քննարկեցինք նաև տարածաշրջանային համագործակցության հեռանկարները՝ միանշանակ արձանագրելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանը և հակամարտությունների կարգավորման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Ես քիչ առաջ բանակցությունների ժամանակ ասացի, որ ամեն անգամ գալով Վրաստան՝ համոզվում եմ, որ մենք շատ քիչ ենք շփվում: Իմ ցանկությունն է, որպեսզի գոնե տարին մի քանի անգամ բոլոր մակարդակի ղեկավարները հանդիպեն, որովհետև դա անհրաժեշտ է ոչ միայն որոշակի խնդիրներ լուծելու համար, այլ անհրաժեշտ է նաև երիտասարդ սերնդին ի ցույց դնելու մեր հարաբերությունների բարձր մակարդակը: Շնորհակալ եմ Վրաստանի ղեկավարությանը՝ մշտապես բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Ես նաև պարոն Նախագահին ասացի, որ մեզ համար երկու-երեք շատ սկզբունքային հարցերում այս տարի մենք առաջընթաց արձանագրեցինք, ինչի համար շատ շնորհակալ եմ թե՛ Նախագահին, թե՛ Վրաստանի կառավարությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930