Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայող Արտակ Նազարյանի «ինքնասպանության» վկայի ցուցմունքից. «Ասի, նայի՝ ջեբը գրած բան կա՞»

Նոյեմբեր 29,2011 17:17

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ շարունակվեց Շենգավիթի դատարանի շենքում նշանակված դատական արտագնա նիստը: Դատարանում էին կապիտան Հակոբ Մանուկյանը, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, շարքայիններ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանն ու Հարութիկ Կիրակոսյանը:

Պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի «ինքնասպանության» գործով դատարանում իր ցուցմունքը պետք է շարունակեր նրա մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Սակայն նա այսօր էլ ի վիճակի չեղավ շարունակել իր ցուցմունքը: Խնդրեց, որ դատարանում տուժողի իրավահաջորդի լիազորությունները փոխանցվեն դստերը՝ Ծովինար Նազարյանին:

Դատավարության կողմերից որեւէ մեկը չառարկեց:

Իսկ երբ արդեն Ծովինարը պետք է շարունակեր ցուցմունքը՝ խնդրեց 2 օր ժամանակ, սակայն դատավոր Ս.Մարդանյանն ասաց, թե չի կարող, քանի որ Տավուշի մարզից գալիս են Երեւան ,որ աշխատեն: Տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանը հանդես եկավ միջնորդությամբ, որը դատարանի կողմից բավարարվեց: Փոխվեց ապացույցների հետազոտման կարգը եւ դատարանում վկաների ցուցմունքներից հետո կլսվի նաեւ տուժողի իրավահաջորդի ցուցմունքը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատարանում իսկական աղմուկ բարձրացավ, երբ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ նիստերի դահլիճ բերվեց շաքային, վկա Արման Մնացականյանը: Նա անձնագիր էլ չուներ եւ 1 ժամանոց ընդմիջումից հետո, ի վերջո, այն ներկայացրեց դատարանին: Նա ասաց, որ 2009թ. դեկտեմբերի 4-ից ծառայության մեջ է եւ հիմա ոչինչ չի հիշում: Հիշում էր միայն, որ Արտակ Նազարյանը «կապիտանի ջրի շիշը սալյարկա էր լցրել»: Վկան կաշկանդված էր ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ , իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն առաջարկեց, որ վկան ապահովվի փաստաբանով: Ի դեպ, դատական նիստերի դահլիճում հիմա էլ այս թեմայով աղմուկ բարձրացավ, ասես վկան էր սպանել Արտակ Նազարյանին եւ կամ ամբաստանյալներին օրենքով կարելի է ունենալ փաստաբան, իսկ վկային՝ ոչ: Դատարանը խոստացավ՝ վկային ապահովել փաստաբանով: Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ նկատեց, թե այս վկային մնացել է մի քանի օր, որ ավարտվի նրա ծառայության ժամկետը: Նա միջնորդեց վկային հարցաքննել զորացրվելուց հետո:

Դատարանում ցուցմունք տվեց եւ մեղադրողի հարցերին պատասխանեց վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանը: Ըստ մեղադրողի հրապարակած տեղեկատվության, նա հայտնի էր «Երեք աստղանի հրեշ» մականունով: Վաշտի հրամանատարն ասաց, որ Արտակի եւ Հակոբ Մանուկյանի հարաբերությունները եղել են ոչ կանոնադրային: Նա ասաց, որ Արտակը որպես մարդ լավն էր, բայց որպես հենակետի ավագ՝ թույլ սպա էր: Ըստ նրա՝ դեպքից օրեր առաջ Արտակն իրեն բջջային հեռախոսով ասել էր կապիտան Մանուկյանի մասին: Երբ ստուգման նպատակով վկան գնացել էր հենակետ, Արտակն ասել էր, թե խնդիրները հարթվել են:

Մի անգամ էլ Արտակը չի ուզել անձնակազմի մոտ ինչ-որ բան ասել, եւ երբ առանձնացել են, Արտակը ցույց է տվել մարմնի կապտուկը: Հայտնել է, թե Ադիբեկն է արել, այն էլ՝ «կատակով»: Դատախազի հարցին, որ եթե խոսքը «կատակով արվածի» մասին էր, ապա ինչո՞ւ էր ձգտում առանձին ասել այդ մասին՝ վաշտի հրամանատարը չտվեց հստակ պատասխան: Նա պարտավոր էր կապտուկի մասին տեղեկացնել կապիտան Հակոբ Մանուկյանին: Ինչը դարձյալ «ջրվել» է:

Դատախազ Հարություն Հարությունյանի հարցին, թե ինչպես էր սպայի նկատմամբ արտահայտվել ծաղրուծանակը, վկան պատասխանեց. «Ըստ իմ տվյալների, Նազարյանն ինչ-որ ջրի շիշ օգտագործել է հեղուկ վառելիքի համար: Ստիպել են «վերականգնել» շիշը: Ճար չունենալով, Նազարյանը թողել է հենակետը, իջել Չինարի՝ շշի ետեւից: Գյուղում էլ չի գտնվում նախատեսած հյութի շիշը, Արտակը գնում է մեկ այլ տեղից ճարում: Երեկոյան հասնում է հենակետ»:

Նրա մահվան մասին տեղեկանալու նկարագրությունն էլ այսպիսին էր. «Առավոտյան ժ.8-8.30-ի սահմաններում այլ ստորաբաժանման սպա ասաց՝ Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել: Մանուկյանի հետ եմ կապվել: Հիշում եմ՝ լացելով հաստատեց: Ասացի՝ նայի, ջեբը գրած բան կա՞, մինչեւ հասնեմ: Արահետի բերանին ժայռ կա, հակառակորդին տեսանելի: Կիսաթիկն տված էր; Վնասվածքը չեմ տեսել: Մոտ չեմ գնացել»: Այն հարցին էլ, թե ինչո՞ւ էիր կարծում, որ «ջեբը բան կա դրած», վկան պատասխանեց. «Դե, տեղեկացրին, որ ինքնասպան է եղել: Մտածեցի, ինչ-որ ցանկություն, միտք կարող է լինել: Գիտեի, որ Արտակը տետր էր պահում, գրում էր ամեն ինչ, ասում էի՝ Արտակ, զինվորական ծառայության վերաբերյալ քիչ գրառումներ արա, գաղտնիք է»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930