«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը եղել էր Վանաձորի ձերբակալված անձանց պահման վայրում, ուր գողություն կատարելու համար 2009 թվականի սեպտեմբերի 29-ին ձերբակալված Վլադիմիր Տոնոյանը հայտնել էր, թե իր եւ գողության մեջ մեղադրված Արմեն Մելքոնյանի նկատմամբ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները բռնություն են կիրառել, որպեսզի իրենցից կորզեն ինքնախոստովանական ցուցմունքներ: Լոռու մարզի քննչական բաժինը, քննելով Վլադիմիր Տոնոյանի եւ Արմեն Մելքոնյանի բողոքը, նրանց նկատմամբ ոստիկանության գործողություններում բռնություն չէր հայտնաբերել եւ այդ առթիվ չէր հարուցել քրեական գործ: Արթուր Սաքունցն այդ կապակցությամբ դիմել էր Լոռու մարզի առաջին ատյանի դատարան, վերջինս բավարարել էր հայցը: Այս մասին «Առավոտը» գրել է դեռ 4-5 ամիս առաջ. «Սաքունցի հայցը նորից բավարարվեց. ոստիկանությունում քաղաքացիների բռնության ենթարկելու գործի քննությունը նորից կսկսվի»
Հետո սկսվել էր իսկական իրավապահական «ֆուտբոլ»: Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, մերժեց Սաքունցի հայցը:
Առավել մանրամասն՝ վաղվա «Առավոտում»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ