Այսօր Վերահսկիչ պալատի խորհրդի արտագնա նիստը տեղի ունեցավ Արարատի մարզպետարանում՝ չնայած ՎՊ-ի օրակարգում ընդգրկված հարցերից միայն 2-ն էին առնչվում Արարատի մարզին: ՎՊ-ի ստուգած մյուս 2 կառույցները՝ Երեւանի մետրոպոլիտենն ու Սոցներդրումների հիմնադրամն էին:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՎՊ-ի՝ Արարատի մարզպետարանում կատարած ստուգումների արդյունքները: Չնայած այս մարզում էլ մի շարք ոլորտներում միլիոնների հասնող չարաշահումներ էին տեղի ունեցել, սակայն որեւէ գործ չի ուղարկվել դատախազություն: Պարոն Զաքարյանը սա բացատրեց ստուգումների արդյունքում քրեաիրավական խախտումների բացակայությամբ:
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն էլ հայտնեց, որ ՎՊ-ի ստուգումներից հետո չի պատրաստվում որեւէ մեկին աշխատանքից ազատել, իր որոշումը հիմնավորելով այսպես. «Աշխատող մարդը միշտ էլ թերություններ կունենա, կարեւորը՝ որ այդ գումարները վերադարձվելու են»:
Այսպես. Արարատի մարզպետարանում պալատի մասնագետները ստուգել են, թե ինչպես է ծախսվել քաղաքաշինության ոլորտին հատկացված 415 միլիոն դրամը: Ըստ ՎՊ-ի, դիտարկվել է 249 միլիոն դրամը, որից արձանագրվել է 24 միլիոն 300 հազար դրամի խախտում: Մարզի առողջապահության ոլորտում 14 միլիոն դրամի խախտում են հայտնաբերել: Կրթության ծրագրերի ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ չարաշահել են 5,7 միլիոն դրամը: Հողատարածքների համար չհավաքագրված գումարները 4,1 միլիոն դրամ են կազմել, ինչը ,ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացմամբ, նույնպես համարվում է խախտում:
Կարդացեք նաև
Սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներում, որոնք հանդիսանում են նպաստ հատկացնող կառույցներ՝ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Մասիսի գրասենյակում 4,3 միլիոն դրամի չարաշահում է կատարվել, Արտաշատում՝ 5,8 միլիոն դրամի, Վեդիում՝ 4,1 միլիոն դրամի, Արարատում՝ 1 միլիոն դրամի:
Պարոն Զաքարյանի խոսքերով, այս մարզում ամենացայտուն խախտումներն արձանագրվել են հարկերի հավաքագրման մասով՝ գույքահարկ, հողի հարկ եւ այլն:
Ներկայումս 190 միլիոն դրամի չհավաքագրված գումար կա, որոնք պետք է հավաքագրվեն եւ ուղղվեն համայնքային բյուջե:
Սոցներդրումների հիմնադրամի 3-րդ ծրագրի ստուգումից էլ հայտնաբերվել է 33 միլիոն դրամի խախտում: Ծրագրի ընդհանուր գումարը 1 միլիարդ դրամ է եղել, որից ՎՊ մասնագետները դիտարկել են 510 միլիոն դրամը:
Պալատի նախագահի հավաստմամբ, չարաշահած գումարից 9,6 միլիոն դրամը պետք է վերականգնեն պետբյուջե, իսկ մնացածը՝ 23, 8 միլիոնը, կվերականգնվի աշխատանքի տեսքով:
Մետրոպոլիտենի գործունեությունը ստուգելիս ՎՊ-ն հայտնաբերել է 12 միլիոն դրամի եւ 4700 եվրոյի խախտում: Մասնավորապես՝ 6,3 միլիոն դրամով պակաս են գանձվել Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի որոշմամբ այդ կառույցին պատկանող վարձակալության հանձնված տարածքների գումարները:
Իշխան Զաքարյանը հավաստիացրեց, որ այդ ողջ գումարներն էլ ենթակա են վերականգնման:
Նշենք, որ եկող տարվա հունվարից ՎՊ-ն, համագործակցելով այլ կառույցների հետ, թոշակների եւ նպաստների համակարգում առաջին անգամ իրականացնելու է օպերատիվ վերահսկողություն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ