Առաջին նախագահի մտերիմ լրագրողների եւ նրանով հիացածների շարքերում ես չկամ: Չեմ էլ եղել: Այն տարիներին, երբ իշխանություն էին առաջինները, ես մեր ցուրտ եւ մութ տանը իմ երեք երեխաներին էի մեծացնում եւ սովորում էի փայտի վառարան վառելու կանոնները: Աշխատանք չկար, փող չկար, հետո՝ չեղած փողն էլ փոխվեց:Որպես երեք երեխա ունեցող ընտանիք մեզ բաժին էր հասնում չոր կաթի փոշի՝ սեւ ու սպիտակ կովիկի նկարով բանկաների մեջ, մեկ ու քառորդ չափի մատնաքաշ, եւ նավթ: Սա էր անկախությունից հետո մեր բաժինը: Հոգեւորի մասին չեմ խոսում եւ թող ոչ մեկը չփորձի ճոռոմ-ճոռոմ բաներ ասել եւ խրատել, թե էս ի՞նչ ես ասում: Էդ մենք էլ կարող ենք անել, բայց հիմա դրա մասին չէ, որ գրում եմ:
Երբ <Պիոներ կանչում> էի աշխատում, մեր խմբագրություն հաճախ էր այցելում Համբարձում Գալստյանը, բերում էր իր նկարած սեւ-սպիտակ լուսանկարները, ես այդ նկարների համար մակարգություններ էի գրում, որի համար եւ ես եւ Համբարձումը հոնորար էինք ստանում:Իսկ երբ Համբարձումին սպանեցին, ձյուն էր գալիս, եւ ամբողջ Դավթաշեն էր դուրս թափվել Երեւանի քաղաքապետին հրաժեշտ տալու եւ մարդիկ սրտանց լաց էին լինում:
Եթե ճիշտ եմ հիշում՝ 90-91-ին, այժմյան Ամերիկյան համալսարանի շենքում պետք է տեղի ունենար ՀՀՇ երկրորդ համաժողովը: Գնացի լուսաբանելու: Այդտեղ առաջին անգամ ծանոթացա Հակոբ Ավետիքյանի հետ, ով նոր-նոր էր եկել Հայաստան եւ մեզ՝ հայաստանցի լրագրողներիս բացատրում էր, թե ինչն է մեզ պակասում լավ թերթ անելու համար: Դեռ համագումարը չէր սկսվել եւ բեմի վրա ինչ-որ մարդիկ էին շրջում, նրանց մեջ առաջինն աչքի էր զարնում կաթնագույն սվիտերով, վիզը մինչեւ ականջները փակ, վզին ինչ-որ սարք հարմարեցրած, բարձրահասակ եւ ինքնագոհ մի մարդ: Տեր-Պետրոսյանն էր: Ջահել էր, ինքնահավան, բոլոր բարձրահասակների պես: Այդպես տեսա նրան եւ այլեւս մենք չհանդիպեցինք: Ես երբեք նրանից հարցազրույց չեմ վերցրել, քաղաքական թեմաների շուրջ չեմ զրուցել, հետը ծիրան չեմ կերել եւ երբեք նաեւ այսօր, չեմ եղել առաջին նախագահի մերձավոր շրջապատում:
Սակայն, առաջին տպավորությունս այդպես էլ մնաց , չփոխվեց անգամ այն ժամանակ, երբ առաջին նախագահը կրկին դարձավ հասանելի:
Արդեն 2000-ին, եւ ինչպես այսօր, անկախության տոնը նշվում էր առանձին-առանձին՝ իշխանությունն իր համար, ՀՀՇ-ն ՝ իր: ՀՀՇ-ն դեռ ուներ Խանջյան 27-ը, եւ ես՝ որպես <Ազատություն> ռադիոկայանի աշխատակից գնացի այդ միջոցառումը լուսաբանելու: Ասեղ գցելու տեղ չկար, բոլորը սպասողական վիճակում էին, չէին ուտում-խմում, սպասում էին <Շեֆին>: Տեր-Պետրոսյանը եկավ նույն ինքնագոհ պահվածքով, դանդաղ, արժանապատիվ, մեզ՝ հասարակ մահկանացուներս անգամ իր հայացքին չարժանացրեց: Անմիջապես նրան շրջապատեցին դեմքեր, որոնց մի մասն այսօր էլի նրա կողքին են, բայց եւ շատերը բոլորվին այլ տեղերում են: Շրջապատեցին նաեւ ընտրյալ լրագրողներ: Միջոցառումը պարզապես տապալվեց, քանի որ Անկախության տոնը դարձավ <Շեֆի> բաժակին խփելու եւ հումորի երեկո:
Եվ այն ժամանակ եւ դրանից հետո ցանկություն չունեցա մոտենալ եւ հարց տալ: Հասկանում էի, որ որպես լրագրող ճիշտ չեմ աշխատում, որ ինչ-որ սուբյեկտիվիզմ կա, որ պետք է մոտենալ, աշխատել: Բայց՝ այդպես էլ չարեցի այդ բանը: Լինում է չէ՞, երբ ասում են՝ <Մաստը չի բռնում>, մեր պարագայում երեւի այդպես էլ կա: Ի վերջո, արդեն 2007-ի սեպտեմբերի 21-ին, <Արմենիա-Մարիոթ> -ում կրկին ասեղ գցելու տեղ չկար: Գալու էր <հիմնադիրը>: Որոշեցի, որ այս անգամ ամեն ինչ դնելու եմ մի կողմ եւ մոտենամ: Մոտեցա, բայց՝ կարողացա՞, իհարկե՝ ոչ:Առաջինի թինկապահներն այնպես հրմշտեցին, այնպես բոթբոթեցին, իսկ ինքը՝ <հիմնադիրը> առանց ձայն հանելու կամաց-կամաց հեռացավ, խույս տվեց եւ ի վերջո հասավ մի տեղ, որտեղից այն կողմ էլ փախչելու տեղ չկար, այդտեղ էր, որ ասացի ՝ինչու են Ձեր թիկնապահները այդքան կոպիտ, իսկ Դուք ինչո՞ւ եք հեռանում, կանգնեք, հարց ենք ուզում տալ: Ինձ հետ էլի լրագրողներ կային: Բայց համընդհանուր աղմուկի եւ խրախճանքի մեջ ձայնս իհարկե, չլսվեց:
Հետո եղան հանրահավաքներ, եղան երգի ու պարի <միջոցառումներ>, եւ ամեն անգամ երբ տեսնում եմ Ազատության հրապարակում թեւերը աջ ու ձախ թափահարող առաջին նախագահին, տխրում եմ, շատ եմ տխրում:
Ես արդեն հարցեր չունեմ, ցավոք, այս դեպքում կան պատասխաններ: