Այսօր Հայաստանի կոմունիստները նշում են Հայաստանի խորհրդայնացման օրը: Aravot.am-ը Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանից հետաքրքրվեց, թե բացի քայլերթից, այդ իրադարձությունը, տոնը, ժողովրդի լեզվով ասած՝ «չե՞ն թրջելու», սեղանի շուրջ չե՞ն նշելու: Նրա խոսքերով՝ «Մեր այսօրվա պաշտոնյաներն ամեն ինչը սեղանի շուրջ են նշում, բաժակ են բարձրացնում,որովհետեւ իրենց փողը չի դա, եթե իրենց փողը լինի՝ չեն նշի: Եթե ինձ էլ հրավիրում են, ես իրենց ռեսուրսներով խմում եմ Սովետական Հայաստանի կենացը: Իսկ մեր տոնը սահմանափակվելու է միայն քայլերթով, որից հետո ամեն մեկս գնալու է իր տուն»: Ռուբեն Թովմասյանը վստահեցնում էր, որ Հայաստանը խորհրդայնացումից հետո ապրեց իր վերելքը. «Մարդն ապահոված էր աշխատանքով, երկրի տերն էր իրեն զգում, զգում էին, որ ապահոված են ամեն ինչով, իսկ հիմա ոչ մի լավ բան չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ